Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս. ծննդյան օրը, երբ գյուղի ժողովուրդը հավաքված է լինում եկեղեցում, երբ սեղանի վերա կատարվում է ս. մկրտության խորհուրդը, հանկարծ մի խումբ խանի մարդիկներից թափվում են եկեղեցում։ Նրանք ջարդուփշուր են անում խաչերը, խորտակում են բոլոր եկեղեցական սպասները, բռնում են քահանային և ժողովրդի ծերերին, սկսում են ծեծել, սպառնալով, թե բոլորին կմորթեն նույն տաճարի մեջ, եթե չուզենան տալ խանի պահանջած արծաթը։ Եվ մի քանի սրբապիղծ չարագործություններից հետո, որոնց հիշելն անգամ սարսափ է բերում, քահանային մի քանի ծերերի հետ տանում են բանտարկում, իսկ մյուսներին հաջողվում է փախչել։

Կրոնքը հայի զգալի կետն է, նա համբերող է, քանի զրկանքը չէր վերաբերում այս կետին. իսկ երբ թշնամու սրբապիղծ ձեռքը սկսավ այնտեղ ևս շոշափել, այն ժամանակ նորա ստրկացած ոգին զարթնում է, բողոք է բարձրացնում...

Բացի խանի բանտումը բռնվածներից գյուղի բոլոր տղամարդիկը հավաքվում են և ճանապարհ են ընկնում դեպի Դավրեժ քաղաք, բողոքելու այս բռնակալության դեմ։ Նրանց մեծ մասը ցրտի սաստկությունից սառչում են և մնում են ճանապարհի վերա զանազան տեղերում, իսկ 51 հոգի հասնում են Դավրեժ քաղաքը։ Նոքա Անդրեաս արքեպիսկոպոսի առաջնորդությամբ դիմում են Ատրպատականի կառավարության գլխավոր ներկայացուցչի` Սահաբ-դիվանի մոտ։ Հայոց առաջնորդը, պատմելով անցքը և նորան առիթ տվող պատճառները, ավելացնում է, եթե գյուղացիներին բավականություն չտրվի, և չարագործը ըստ արժանվույն չպատժվի, նա ստիպված կլինի դիմել Պարսկաստանում գտնված եվրոպական տերությանց միջամտությանը։ Սահաբ-դիվանը հանգստացնում է առաջնորդին և խոստանում է անել պարտ ու պատշաճ տնօրինությունները։ Ճշմարիտն խոստովանել պետք է, որ պետության այս բարձր պաշտոնակալն, յուր Ատրպատական գալու օրից, ամեն գործերի մեջ ցույց է տվել արդարություն և խղճմտանք, և մանավանդ քրիստոնյաներին վերաբերյալ դեպքերում նա միշտ արդարադատ է գտանվում և ողորմած։

Եվ այս դեպքում նորին վսեմության գործ դրած միջոցները բավականին ազդու պետք է համարել. նա անցքը մանրամասնաբար Թեհրանի Բարձ. Դռանը հաղորդելեն ետ, իմացում է տալիս նորին բարձրությանը թագավոր ժառանգին, որ նույնպես Դավրեժումն է գտանվում, և երկուքը միասին Ղարադաղ մարդիկ են ուղարկում