Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաստիկ հրամանով, որ Բաղըր-խանը բերվի և յուր պատիժը կրե։

Այժմ հարցն դորանումն է, արդյոք կարելի՞ է այս գազանը դուրս քաշել յուր բույնից։ Բաղըր-խանը և նորա նման Չալաբիան կոչված խաները Ղարադաղի լեռների աստվածներն են, իսկ խեղճ ժողովուրդը — նոցա թշվառ զոհը։ Շատ ժամանակ չէ անցել, որ հայոց եկեղեցվո սրբությունը շան վզից քարշ տվող չարագործը մնաց անպատիժ. նա ևս Ղարադաղի գազաններիցն էր...

Բայց հուսով ենք, որ նորին վսեմության Սահաբ-Դիվանի օրերով, այսպիսի եղեռնագործությունք, որ պատիվ չեն բերում մի բարեկարգվելու շավղին մեջ ընթացող տերության, բոլորովին բարձված կլինին, խաղաղության մեջ դրվելով գյուղացիների վիճակը, որի գլխավոր պատճառն է հարկերի անկարգ դրությունը և կալվածատերերի հարստահարությունը։


ԳԺԱՏՈՒՆ


(Տաճկաստանի մամուլը և գաղթականության խնդիրը)

Ընթերցող, պատահե՞լ է քեզ երբեմն գժատունը մտնել, դու տեսե՞լ ես այս թշվառ օթևանի նույնպես թշվառ հասարակությունը...

Այնտեղ հանդիպում են քեզ մարդիկ, որոնք խոսում են, դատում են, վիճում են, և նոցա խոսակցությունն այնքան կանոնավոր և ոգելից է, որ քո մեջ ակամայից ծնվում է մի այսպիսի միտք` «մի՞թե դոքա խելագարներ են, ինչի՞ են բերած այս անբախտները մի այսպիսի տխուր բնակարանի մեջ»։

Հանկարծ դերը փոխվում է...

Դու տեսնում ես նույն փիլիսոփան, որ քեզ հետ խոսում էր, դատում էր ավելի բարձր և վսեմ համամարդկային գաղափարների վերա, նա, որ աշխարհների և ազգերի ճակատագիրն էր վճռում, — յուր խորհրդածությունքը վերջացնում է այսպիսի խոսքերով. «պարոն, եթե քո քթիցդ մի հատ մուկն յուր պոչիցը կախված լիներ, ա՛խ որքան հեշտ կլիներ նորան քո բերանը մտնել»...

Դու այն ժամանակ միայն համոզվում ես, որ դա խելագար է...