Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* *

*

Այսպիսի տպավորություն է գործում ընթերցողի վերա, երբ յուր ձեռն է առնում Տաճկաստանի որևիցե լրագիր։ Այսպիսի տպավորություն գործեց իմ վերա Զմյուռնիո «Արևելյան Մամուլի» հունվար ամսո համարի մեջ Ծերենց ստորագրությամբ մի նամակ։ Նամակը խիստ երկար և ձիգ էր, որպես երևում էր, ամբողջապես նույնիսկ խմբագրության գործարանի մեջ կարկտած էր… Նամակի գլխավոր նյութը վերաբերում էր գաղթականության խնդրին։ — Այո՛, մի կարևոր խնդիր, որո մեջ պետք է որոնել հայոց ներկա և անցյալ թշվառությունները։

Պ. նամակագիրն յուր հոդվածի սկզբում ողջամիտ է և խելացի, որպես մեր գժատան փիլիսոփան։ Նա ցույց է տալիս, թե որպիսի ցավալի հետևանքներ ունեցավ հայերի համար գաղթականությունը։ Նա օրինակ է բերում Վենետիկի, Լիվորնոյի, Ամստերդամի և ամբողջ Լեհաստանի հայերը։ Նա հիշեցնում է «Մշակի» երկու հոդվածները Հնդկաստանի և Պարսկաստանի հայերի մասին, որոնց մեջ ցույց էր տրված տեղային հայերի անբախտ վիճակը և նոցա օրըստօրե սպառումը։

Հանկարծ այս բոլորը մոռանում է նա…

Եվ խոսելով այն երևույթի մասին, թե այսօրվա օրս հայը յուր բնիկ երկրում թշվառ և անգործ է, ուտելու հաց և հանգստություն չունի, — պ. հոդվածագիրն մեջ է բերում հետևյալ խոսքերը.

«Այս վիճակներն (ապրուստի նեղությունը) օրավուր կծանրանան և միայն մեզի համար չեն, և ասոր ապացույցն այլ հայտնի կերևի, երբ անգղիացին, գաղղիացին, գերմանացին, իտալացին, կտեսնենք հայրենիքնին ձգած, մեր երկրներուն մեջ եկած, հացի պատառ մը կփնտրեն, ոմանք յուրյանց արհեստին, ոմանք յուրյանց դրամագլխին, ոմանք յուրյանց ճարպիկությանը վստահանալով։ Ինչո՞ւ այս օրինակին չենք մտածեր հետևել մեք ալ, ինչո՞ւ մեր հորիզոնը չենք ուզեր ընդարձակել, շարժելու սովորությունը ինչո՞ւ կորուսեր ենք. պե՞տք է ուրեմն միշտ մեզի սուրի և սովու անտանելի բռնությանց խարազանը, որ կարենանք շարժիլ և ընկնել հեռու աշխարհներ, որպեսզի հաց, հարստություն և մինչև երջանկություն գտնենք...»

Մտածում ես, թե ո՞րտեղ է այն «հացի, հարստության և երջանկության» երկիրը, ուր կամենում է առաջնորդել մեր նոր Մովսեսը