Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգին չէ, որ յուր բնակիչներին չկարողանա մատակարարել նոցա կենսական պիտույքները, և ստիպեցնե նրանց յուրյանց ապրուստը որոնել օտար երկրներում։ Հայաստանը ունի կյանքի շատ հարմարություններ, եթե նորա բնակիչները սովորեին աշխատելու և երկրի հարստություններից օգուտ քաղելու։ Բայց հայը գործել չգիտե, դորա համար նա աղքատ է, դորա համար նա հաց չունի, դորա համար նա թափառում է երկրից երկիր։

Հայը աշխատասեր ժողովուրդ է, այսպես մտածում են շատերն։

Աշխատասիրությունն ոչինչ նշանակություն չունի, երբ նա զուգընթաց առաջ չէ գնում ժամանակի պահանջների և նորա ընդհանուր զարգացման հետ։

Հեռվից դատել Հայաստանը առանց նորա մեջն մտնելու, — շատ հեշտ բան է։ Բայց երբ որ մոտենում ես, սկսում ես բոլորովին այլապես մտածել։

Հայը այսօր հերկում է յուր հողը այնպես, որպես հերկել է յուր պապի` Արամի օրերում։ Արհեստը և ճարտարությունը նորա մոտ կրում են յուրյանց վերա հազարավոր տարիների հնության կնիքը, կարծես այդ ազգը մի քայլ անգամ առաջ չէ դրել… Ինձ պատահել է տեսնել Հայաստանում հին փլատակների տակից դուրս եկած խեցեղեն ամաններ, — նույնը այսօր շինում է հայ բրուտը առանց որևիցե զանազանության։ Ինձ պատահել է տեսնել Հայաստանում ամբողջ ժողովուրդը, որ պարապվում էր խաշնարածությամբ։ Այս հովիվ ժողովուրդն դեռ ապրում է յուր նախնական կյանքով. նորա հագուստը ոտքից ցգլուխ կազմված է բուրդից, բոլորը նահապետական պարզ ձևով։ Նորա ոտնամանները (տրեխները) մինչև անգամ հյուսած են այծի մազից։ Եվ մարդ, դառնալով դեպի հնությունը, մտածում է, թե դա նույն հովիվ ժողովուրդն է, որ Հայկի և Արմենակի օրերով թափառում էր Բզնունյաց ծովակի շուրջը յուր անասունների համար ճարակ գտնելու... Ես առիթ եմ ունեցել մտնել նոցա գետնափոր խրճիթների մեջ, որոնք ավելի գազանների որջերի են նման, որոնց մեջ տերը և յուր չորքոտանին միասին և մի հարկի տակն են ապրում։ — Ես տեսել եմ նոցա կիսավայրենի նահապետական կյանքը և համաձայնել եմ Քսենոփոնի հետ, մտածելով, եթե այդ հույն պատմաբանը նորից անցնելու լիներ Հայաստանի միջով, նորից նկարագրելու լիներ նորա ընտանեկան կյանքը, դարձյալ նույնը պիտի գտներ, ինչ որ տեսել է 24 և կես դար առաջ...