Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
**
*

Արդարև հայերի գաղթականությունն ունեցել է և ունե յուր պատմական և տեղական պատճառները, բայց եթե խիստ կերպով քննելու լինենք, կտեսնենք, որ ոչ այնքան պարսիկների, մոնղոլների, արաբացվոց և այլ բարբարոսների բռնության խարազանը դուրս է քշել նորանց հայրենի երկրից, որքան նույնիսկ յուրյանց ծուլությունը, անգործունեությունը և կույր կրոնական սնահավատությունը...

Պարսիկը, մոնղոլը, արաբացին կողոպտել է նորա սեփականությունը, հրդեհել է նորա բնակարանը, մոր աչքերի առջև մորթել է նորա երեխան, ոչնչացրել է ամեն ինչ, որ սուրբ է նորա համար և նվիրական, — հայի քահանան մխիթարել է նորան ասելով. «Այդ մեր մեղքերի համար է, որ աստված պատժում է մեզ… Թողնե՛նք այդ երկիրը, նա անիծվա՛ծ է և մեզ համար մի ուրիշ տեղ պտրենք»... Հայը սրբել է յուր աչքերի արտասածը և մխիթարվել այդ խոսքերով...

Եվ այժմ շատերն մտածում են, թե հարստահարությունն է, որ ստիպեցնում է հային թողնել յուր բնիկ երկիրը: Այո՛, ասիական Տաճկաստանում քուրդերն հարստահարում են: Բայց ո՞վ է մեղավոր, — կառավարությունը, պատասխանում են, որովհետև այնքան թույլ է, որ չէ կարողանում զսպել յուր վայրենի հպատակները:

Դիցուք թե կառավարությունը թույլ է, բայց հայը, յուր անձի, ընտանիքի և սեփականության տերը, միթե պարտավոր չէ՞ նոցա պահպանության համար ընդդիմանալ յուր թշնամուն և թույլ չտալ, որ կողոպտեն յուրյան:

Գոյության կռվի մեջ ամեն թույլ ուժեր դատապարտված են ոչնչության: Ցանկանում ես ապրել, սովորիր դեմ դնել այն արգելքներին, որ խանգարում են քո բարօրությունը:

Իսկ հայը յուր կյանքում միշտ կրավորական դեր է խաղացել...

Ամբողջ ասիական Տաճկաստանի մեջ քուրդերի թիվը հաշվում են 30 հազար հոգի, որոնք որպես անասնապահ և թափառական