Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցեղեր, ցրված են զանազան կողմերում: Իսկ միմիայն Վանի և Մուշի գավառներում ավելի քան 250 հազար հոգի հայեր կան, և այդ տասնապատիկ թվով ավելի բազմությունը հարստահարվում է մի քանի հազար թափառական քրդերից… Ո՞վ է մեղավոր…

Երբ մարդ անընդունակ է անձնապահպանության, նա կյանքի իրավունք չունի...

Քուրդը որպես մահմեդական, պաշտպանություն է գտնում տիրող կառավարությունից յուր բարբարոսությանց մեջ, իսկ հայը, որպես քրիստոնյա, մնում է անօգնական, նա ստիպված է յուր կրոնքը փոխել, որ մահմեդականներին հավասար արտոնություն ստանա: Այսպես մտածում են շատերը: Բայց ոչ, այդ երևույթի պատճառը պետք է որոնել նույնիսկ հայի թուլությունների մեջ: Վանի և Մուշի մոտ բնակվում է մի հարևան ազգ, նույնպես քրիստոնյա, որպես հայերը — դոքա են ասորիներն, ավելի փոքրաթիվ, քան թե հայերը: Ասորին ոչ միայն չէ հարստահարվում քուրդերից, այլ նա յուրյան մինչև անգամ ազատ և անկախ է պահել տերության բռնությունից, որովհետև ասորու մեջ կյանք կա, նա գիտե թե որպե՛ս պետք է վարվել թշնամու հետ...

* * *

Կարճատես մարդու հայեցողական հորիզոնը շատ նեղ է լինում, նա հեռուն դիտել կարող չէ: Կարճատեսը հրապուրվում է միայն շլացուցիչ երևույթներով, որոնք խիստ ազդու կերպով ներգործում են նորա տեսանելյաց վերա: Այդ վիճակի մեջն է գտնվում «Արևելյան Մամուլի» պ. հոդվածագիրն: Հիշելով մի քանի հայ անուններ, որոնք մի ժամանակ Հնդկաստանում փառք, մեծություն և հարստություն ստացան, — պ. հոդվածագիրն երևակայում է այն անսպառ երանությունները, որ և այժմ սպասում են հայերին Գանգեսի և Բրահմանբուտրայի ափերի մոտ:

Այո՛, հայը, հայտնվելով Հնդկաստանում, այն ժամանակ կարող էր յուր համար մի բախտավոր վիճակ գտնել, որովհետև նա յուր մտավոր զարգացումով ավելի բարձր էր, քան թե թշվառ հնդկացին, որ դեռ յուր տղայության մեջն էր գտանվում: Տղաներին խաբելը և նրանց կողոպտելը մի դժվար բան չէ: Բայց երբ հայտնվեցան այնտեղ խաբողների մի ավելի մեծ բազմություն, որոնք յուրյանց արհեստի մեջ ավելի հմուտ և ճարպիկ էին, այն ժամանակ հայերի փառքը նսեմացավ…