Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսում է ժողովրդին, թե որպիսի խստությամբ պատժում է Իսլամի օրենքը այդպիսի հանցանքներ և վերջացնում է իր քարոզը ամենասարսափելի կերպով գրգռելով ժողովուրդը, միևնույն ժամանակ կարդալով ողորմելի երիտասարդի մահվան դատավճիռը։ Այնուհետև ամբոխը մի քանի մոլլաների առաջնորդությամբ դուրս է գալիս մեջիդից, և սկսում է որոնել երիտասարդին։ Նորան գտնում են տան մեջ, հարձակվում են և կոտրատելով ու կողոպտելով տան բոլոր կարասիքը, երիտասարդին դուրս են քարշում։ Երիտասարդին բերելով մեջիդի դռանը մի հրապարակի վերա, այն տեղ ժողովուրդը վայրենի կատաղությամբ հարձակվում է նորա վերա և սրերով ծակծկում է… Հետո ոտները մի պարան կապելով, սկսում են քաղաքի բոլոր փողոցներում քարշ տալ։ Աննկարագրելի էր սույն միջոցին ամբոխի դժոխային հոգեզմայլությունը, թե մինչև ո՛ր աստիճան նա բորբոքված, իր սրտի ուրախությունը հայտնում էր հոգևոր երգերով... Այս զոհը իր ցավալի վախճանին հասցնելեն հետո, ամբոխը տակավին չէ հանդարտվում. մահմեդականները գտնում են և հիշյալ կնոջը։ Այս թշվառի մահը էլ ավելի սարսափելի է լինում։ Սորան տանում են քաղաքի հրապարակի վերա, և մինչև կուրծքը թաղում են գետնի մեջ, այնպես որ մարմնի վերևի մասը դրսումն է մնում։ Այնուհետև ամբոխին առաջնորդող մոլլան մոտենում է զոհին և առաջին քարը ինքն գցելով, հրամայում է հետևել իր օրինակին։ Մի րոպեի մեջ խեղճ կնոջ դիակի վերա քարերից մի ահագին բլուր է ձևանում։ Ռաշտի մեջ գտնված ռուսաց, անգլիացոց և ֆրանսիացոց կոնսուլները` ոչ մինը չէ համարձակվում իր տանից դուրս գալ. և ճշմարիտ է մահմեդականների այդ սարսափելի մոլեռանդ բորբոքման ժամանակ նոքա կարող էին ենթարկվել Սալոնիկի զոհերի վիճակին։ Հեռագրի թելերը կտրատված լինելով, անհնար է լինում Թեհրան լուր տալ, բայց հետևյալ օրը, երբ ժողովրդի կատաղությունը մի փոքր հանդարտվում է, ռուսաց և անգլիացոց կոնսուլները անցքը սուրհանդակով Թեհրան իմացում են տալիս։ Քաղաքի դատավորը երկյուղից մի քանի օր շարունակ տանից չէ դուրս գալիս։ Այժմ լսում ենք, որ նորին մեծություն շահը ուղարկել է Ռաշտ մի գունդ զորք և խռովությանը գրգիռ տվող գլխավոր մոլլաները կալանավորվեցան և պետք է Թեհրան տարվին, այնտեղ պատժվելու համար։

Մինչև ե՞րբ պետք է շարունակվի Պարսկաստանում մոլլաների այսպիսի մոլեռանդությունը, մինչև ե՞րբ...