Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ
Դավրեժ, հուլիսի 25-ին

Այս տարի Միջագետի մեջ հայտնված ժանտախտի պատճառավ Պարսկաստանի հարաբերությունները Բաղդադի հետ կտրվեցան, պարսիկներին արգելք դրվեցավ այն կողմերում մտնել։ Այս արգելքը զրկեց պարսիկներին մի նշանավոր կրոնական մխիթարությունից, այն է Քարբալայի ուխտագնացությունը, որ կատարվում է Բաղդադից փոքր-ինչ հեռու նաջաֆ կոչված տեղում, ուր դրած են Ալիի նահատակված որդիների Իմամ-Հասանի և Իմամ-Հուսեյնի շիրիմները։

Քարբալայի ուխտագնացությունը պարտավորական է ամեն մի մահմեդականի համար, որ պատկանում է շիա աղանդին։ Եթե մի մահմեդականի ամբողջ հարստությունը հասնում է այն չափին, որ նա կարող է հոգալ ճանապարհի ծախսը, պետք է անպատճառ կատարե յուր ուխտագնացությունը, հակառակ դեպքում նա օրենքի դեմ մեղանչած կհամարվի։ Մի այսպիսի սնահավատությունը ամեն տարի Պարսկաստանի ամենահեռավոր անկյուններից անգամ ուխտավորների հազարավոր կարավաններ քաշում է դեպի իմամների սուրբ շիրիմները և աղքատ, ողորմելի ժողովրդի արծաթը ծախսվում է օտար երկրում։

Թողյալ այդ, պարսիկներն յուրյանց մեռելների դիակներն ևս տանում են Բաղդադ և թաղում են Նաջաֆի հողի մեջ, որ սրբված է իմամների արյունով…

Այս տարի, որպես ասեցինք, ժանտախտի պատճառավ պարսիկները զրկվեցան հիշյալ կրոնական մխիթարություններից։ Բայց իմամներն չուզեցին թողնել Պարսկաստանի ժողովուրդն անխնամ և կարոտության մեջ. նրանք մտածեցին` եթե ժողովրդին արգելված է յուրյանց մոտ գալ և յուրյանց ուխտը կատարել, ավելի լավ է, որ իրանք` իմամներն տեղափոխվեն ժողովրդի մոտ և նրանց կարոտը լցուցանեն։ Եվ հանկարծ նրանք Բաղդադից գաղթելով հայտնվում են Պարսկաստանի Խոյ քաղաքում։

Հիշյալ քաղաքում կա մի վաղեմի մատուռ, որին տեղացիք կոչում են մաղվարա, այնտեղ դրած են մի քանի սեիդների, այսինքն` իմամների սերունդների շիրիմներ։ Մատուռի միաբանությունը կազմող մոլլաներից մեկն հայտնի տեսիլքի մեջ տեսնում է Բաղդադի իմամներին, որոնք ասում են նրան. «Մենք Քարբալայի իմամներն ենք, մենք չուզեցինք, որ այս տարի պարսիկներն