Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մայր Աթոռի Գահակալությունը, սկսյալ 1867 թվից, հայկական կյանքի մեջ սկիզբ է դնում մի նոր և փառավոր դարեշրջանի, երբ ուսումը, գիտությունը և հայաստանյայց սուրբ եկեղեցվո բարեկարգությունը ավելի փայլ և պայծառություն ստացավ։ Լուսավորության այդ նոր դարեշրջանը սկսվեցավ այն օրից, երբ սուրբ Լուսավորչի Աթոռը ձերդ վեհափառության վիճակվելու բախտն ունեցավ։

Վեհափառությունդ, քաջ ծանոթ լինելով ժամանակի ոգուն և նորա պահանջներին, գիտելով թե մի մտավորապես ընկած ազգի վերակենդանությունը կայանում է միմիայն նորա կրթության և լուսավորության մեջ, — ամենայն ջանք ի գործ դրեց հիմնել Մայր Աթոռի կենտրոնում իմաստության մի տաճար, մի հոյակապ ճեմարան, որտեղից պետք է սփռվեն լուսավորության ճառագայթներն դեպի ամեն կողմեր, ուր կան և ապրում են հայեր։ Դա հսկայական մի գործ է, որի վերա ժամանակը և անաչառ պատմությունը ամենայն պարծանոք պիտի դրոշմե վեհափառիդ հավերժական անունը։

Որպեսզի ուսումը և գիտությունը, որպես լույս և ճշմարտություն, ամեն տեղերում տարածվի հայերի մեջ, ամեն տեղ ներշնչե յուր կենսատու ոգին, վեհափառությունդ գուն գործեց նախ մերձավոր և ամենահեռավոր վիճակներում բարեկարգել դպրոցների դրությունը։ Այդ բարեմասնություններից զուրկ չմնաց և հեռավոր Ատրպատականը։ — Դավրիժո ազգային դպրոցի այժմյան բարեկարգ վիճակը ձերդ վեհափառության քաջալերությանը պարտական է։

Թե որպիսի մեծ նշանակություն ունի այդ դպրոցը Պարսկաստանի հայոց այժմյան կարիքների համար, բավական է հիշել այն բազմաթիվ որոգայթները, որոնք ուսման և կրթության անունով այստեղ լարել են այլադավան որսորդները (կաթոլիկ և բողոքական միսիոնարները) հայ մանուկները մոլորեցնելու համար։ Այո՛, Դավրիժո ազգային դպրոցը մի հաստատուն պատվար է նոցա բոլոր հարձակումների առաջը առնելու։ Այստեղ հայ մանկտին սովորում է հավատարիմ մնալ յուր մայրենի եկեղեցվույն, սիրել յուր ազգն ու լեզուն, և պատրաստվել հայրենյաց համար պիտանի և գործունյա որդի։

Բայց ցավալին այն է, որ դպրոցի նյութական վիճակը չէ համապատասխանում մինչև անգամ այն ամենաանհրաժեշտ կարիքներին,