Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեհափառությունը կհարգի հոգաբարձության ամենախոնարհ աղերսը, որո վասն եմք և մնամք բազմախնամ հովվապետիդ օրհնությանը և շնորհացն կարոտ»։

(Ստորագրություններ)
Պատասխան

…Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, նկատելով նոցա նյութական վիճակը, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց վերադարձնել ուզենան և եթե Էջմիածին հետզհետե աստի և անտի ունեցած առավել կամ նվազ արդյունքը սմին և նմին թողու, ապա ինքն ինչո՞վ պիտի կառավարվի:

Վ. Ե. ՄԱՆԿՈՒՆԻ

Ընթերցող, դու կարդացի՞ր այս աղերսը, որ ուղղված է նորին վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց, դու տեսա՞ր այն կոշտ լակոնական պատասխանը, որ դարձած է դեպի խնդրատուները:

Աղերսը կատարյալ աղերս է. այս բառի բուն նշանակությամբ նորա մեջ չկան փաստեր` ապացույցներ, որ հաստատում են խնդրատուի իրավունքները, նորա մեջ կան միայն փաղաքշական խոսքեր, խայտաճամուկ գովեստներ, լաց և արտասուք: — Այսպիսի աղերսը ուղղում են միայն ստրուկներն, որովհետև կարծում են, թե այլ ոճով իրանց տիրոջ սիրտը ամոքել կարող չեն...

Պարսկաստանի հայը, դարերով ստրկության մեջ ճնշված հայը` լավ սովորած է հիշյալ ոճին, նա չգիտե ի՞նչ է իրավունքը, նա միայն գիտե աղաչել և պաղատել...

Մենք չենք զարմանում աղերսի պարունակության վերա, մեզ զարմացնում է միայն պատասխանը. ուրեմն խոսենք դորա մասին:

Դավրեժու ազգային հոգաբարձությունը վիճակային առաջնորդի հետ միասին ուղղում են ի աղերս դեպի ամենայն հայոց կաթողիկոսը, խնդրելով, որ Պարսկաստանից Ս. Էջմիածնա գանձարանը մտնող ինչ-ինչ արդյունքները հատկացվին Դավրեժու ազգային դպրոցին: — Խնդիրը բավականին կարևոր է, և խնդրատուներն հասարակ մարդիկ չեն. — խնդրում են` վիճակային առաջնորդն ազգային հոգաբարձության հետ միասին:

Էջմիածնում սինոդ կա: Վեհ. կաթողիկոսը պետք է աղերսագիրը առաջարկեր սինոդին, որովհետև ուղղակի վերաբերում էր