Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրբ աթոռի ելևմտական մասին, և սինոդը յուր կողմից քննելով խնդիրը, կամ կընդուներ և կամ կմերժեր։

Բայց այս պաշտոնական ձևերից և ոչ մեկը գործ դրված չէ եղել։ Չլինի՞ թե վեհ. կաթողիկոսը ոչինչ տեղեկություն չուներ այդ աղերսի վրա։ — Պատասխանում է Մանկունին։ Ով է այդ Մանկունին։ — Վեհարանի վաղեմի սենեկապետը, որ այսօր եպիսկոպոսական վեղար է կրում։ Շատ լավ, այսպիսի եպիսկոպոսներ, փառք աստուծո, շատ ունենք, մի՞թե նրանց իրավունք է տված ինքնահաճ կերպով ազգային գործերի մեջ մտնել։

Այժմ ես հասկանում եմ այն խոսքը, որ շատերն ասում են, թե Էջմիածինը կառավարում է Մանկունին...

Այստեղ զարմանալու ոչինչ չկա. ազգերի պատմության մեջ դա մի նոր բան չէ։ Եղել են ժամանակներ, որ պալատական սենեկապետներն և արքունյաց նաժիշտներն մեծ դեր են խաղացել ամբողջ պետությունների ճակատագրի մեջ…

Դառնանք հիմա աղերսագրի այն կետերին, թե որքան իրավացի կամ անիրավ էր ազգ. հոգաբարձության խնդիրը։

1. Ազգ. հոգաբարձությունը խնդրում է ս. Ստեփաննոս Նախավկայի վանքի արդյունքից 100 ռուբլի (ինչո՞ւ ոչ ամենը) շնորհել Դավրիժո ազգային դպրոցին։

Ինչո՞ւ ոչ ամենը — կրկնում ենք դարձյալ։ Էջմիածինը ի՞նչ իրավունք ունի տանել ս. Նախավկայի վանքի արդյունքը։ Որպեսզի բացատրենք այս հարցը, մենք ստիպված ենք ասել մի ամբողջ պատմություն։

Ռուսաց պարսից հետ պատերազմից հետո, Թուրքմենչայի դաշնագրության համեմատ, պարսից հպատակ հայերին թույլ տրվեցավ գաղթել դեպի Ռուսաստան։ Նույն ժամանակվա Ատրպատականի փոխարքան, որ կոչվում էր Նաիբուլ-Սալթանա (Աբբաս-Միրզա մեծ իշխանը) գիտելով հայ հպատակների մեծ նշանակությունը Պարսկաստանի վաճառականության և երկրագործության մեջ, սկսավ ամեն կերպ կողմնակի հնարներ գործ դնել, որպեսզի գաղթականությունը արգելե։ Մեծ իշխանին աջակից էին անգլիական դեսպանատան մի քանի պաշտոնակալներ, որոնք պաշտպանում էին այն ժամանակ Պարսկաստանի շահերը։ Գաղթականությունը թեև իսպառ չ’խափանվեցավ, բայց հայերը մասամբ պահվեցան Պարսկաստանում յուրյանց հայրենի հողի վերա։ Այս մնալու պատճառն այն է, որ մեծ իշխանը կարողացավ գրավել հայ ժողովուրդը զանազան առանձնաշնորհումներով. օրինակ, գյուղացիների