Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկերը թեթևացրուց, Դավրեժ քաղաքի հայերին բոլորովին ազատեց հարկատվությունից, շարիաթի անիրավությանց դեմ զանազան ֆերմաներ շնորհեց և գյուղերի նշանակություն ունեցող մելիքներին ու տանուտերերին մշտական ռոճիկ սահմանեց: Մեծ իշխանը, իմանալով, որ հայերը կապված են ավելի յուրյանց եկեղեցուն և եկեղեցականներին, աշխատեց գրավել և այս կողմը: Հաֆթվանա եկեղեցուն շնորհեց մի քանի օրավար գետին[1][2], որպես եկեղեցական կալվածք, որովհետև այս եկեղեցին նույն ժամանակավ առաջնորդարանն էր, և առաջնորդին մշտական ռոճիկ սահմանեց, որը մինչև այսօր ստանում է ամեն մեկ Պարսկաստանի վիճակավորն: Այժմ մոտեցանք բուն խնդրին. մեծ իշխանը շնորհեց ս. Նախավկայի վանքին մի ամբողջ գյուղ, որ կոչվում է Դարաշամբ, նույն գյուղը, որի մոտ գտանվում է վանքը, որը և մինչև այսօր համարվում է վանքային կալվածք: Վանքի գլխավոր արդյունքը գոյանում է այս գյուղից և այս արդյունքը մտնում է Էջմիածնա գանձարանը, ի՞նչ իրավունքով, հայտնի չէ…

Եթե մենք ուշադրությամբ կարդալու լինենք Մանկունու պատասխանը, նորա մեջ կգտնենք այս խոսքերը. «Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց (այսինքն` վիճակի հայերին) վերադարձնել ուզենան»: — Այս խոսքերից պարզ երևում է, որ Մանկունին ս. Նախավկային պատկանած Դարաշամբ գյուղը Էջմիածնա կալվածք է համարում: Դա կարելի էր, եթե Մանկունին յուր հրաշագործ զորությամբ հրաման տար Երասխ գետին թողնել Պարսկաստանի և Ռուսաստանի սահմանի գիծը և մի քանի տասնյակ մղոն հեռվից հոսել, այն ժամանակ Դարաշամբը կընկներ Ռուսաց հողի վերա, և ավելի մոտենալով Էջմիածնին, Մանկունին կարող կլիներ ջնջել վանքի

  1. Մահմեդական օրենքով, եթե մի այլանդակ ընդունե իսլամը, նորա ազգականներից որն մեռնելու լինի, ժառանգությունը մահմեդական եղողին կհասնի, թեև մեռանողն ունենար ուղղակի ժառանգներ։ Այս անկանոնությունը քիչ զրկանք չէր պատճառում հայերին, որոնցից շատերն ընդունում էին իսլամը յուրյանց ազգակիցների կայքը հափշտակելու համար։
  2. Չնայելով, որ պարսից օրենքով բոլորովին արգելված է եկեղեցական կալվածքը, կամ այն, որ կոչվում է վախիմաթ, վաճառքի դնել, էջմիածնից Պարսկաստան ուղարկված վիճակային առաջնորդներն սկսեցին վերոհիշյալ կալվածքը փոքր առ փոքր վաճառել, բայց հայտնի չէ նորա փողը սուրբ Աթոռն ուղարկեցին թե յուրյանց քսակը դրին։ Եթե այն հողը մնացած լիներ, կարող էր այժմ նորա եկամուտով նույն գյուղում մի օրինավոր վարժարան պահպանվել։