Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է կատարում Էջմիածնա պատրիարքությունը յուր «կանոնավոր և ազգօգուտ» պաշտոնը դեպի յուր հետ կապված հայ ժողովուրդը...

Մեր ազգի մտածողներին վաղուց զբաղեցնում է մի խնդիր. արդյոք պե՞տք է Էջմիածինը հայոց ընդհանուր ազգի Մայր աթոռը ճանաչել և Տաճկաստանում գտնված պատրիարքությունների և կաթողիկոսությունների իբրև հակաթոռ, և որպես Հայկորդին ասում է` չկաթողիկոսություն համարել։ Մենք ցանկություն չունենք այդ հարցը քրքրել` որովհետև գիտենք, որ հայոց ազգի կյանքը և նորա ժամանակակից պահանջները իրանք կտնօրինեն յուրյանց գործը։

Բայց մենք կառաջարկենք մի ուրիշ հարց, թե ո՞վ է մեղավոր, որ օտար պետությանց մեջ գտնվող հայերն օրըստօրե յուրյանց կապերն կտրում են Էջմիածնա հետ... Ո՞վ է մեղավոր, որ Պարսկաստանի հայերն այսօրվա օրս մտածում են յուրյանց համար առանձին և Էջմիածնից անկախ հոգևոր կառավարություն կազմել...

Պատասխանը ինքնըստինքյան հասկանալի է…

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, 13 օգոստոսի

Մինչ Տաճկաստանը յուր քրիստոնյա հպատակներին նորանոր արտոնություններ շնորհել, իրավունքի հավասարություն տալ և նրանց վաղեմի ծանր և անտանելի լուծը թեթևացնել է խոստանում, որպեսզի քրիստոնյա պետությունների համակրությունը ստանա և նրանց կողմից իրան սպառնացող վտանգը հեռացնե, — ընդհակառակն Պարսկաստանը յուր քրիստոնյա հպատակների վերաբերությամբ դեռ վաղեմի բարբարոսության մեջն է գտանվում, բարբարոսություններ, որ կրում են իրանց վերա լանկթեմուրյան, չինգիզխանյան դարերի արյունոտ կնիքը...

Հայը Պարսկաստանում ոչինչ բանի տեր չէ. նրա կյանքը, նրա կայքը և նրա ընտանիքը իրան չեն պատկանում։

Նրա կյանքը և մի հավի կյանքը` երկուսն էլ միևնույն նշանակություն ունեն։ Որպես մի ժամանակ կատաղի ենիչերին յուր սրի