Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորությունը փորձելու համար հայի գլուխներ էր թռցնում, այնպես էլ պարսիկը յուր հաճույքի համար կարող է մի հայ սպանել և անպատիժ մնալ։

Եվ նրա կայքը, այո՛, իրանը չէ։ Պարսկի տանը ինչ որ պակաս է, նա առանց պատասխանատվության հափշտակում է և խլում է հայից։ Եվ նրա ընտանիքը նույնպես իրանը չէ. նրա գեղեցիկ աղջիկը և կինը միշտ զոհվում են մահմեդականի կրքերին…

Մեր ասածներն դարտակ խոսքեր չեն, այլ հիմնված են ամենօրյա պատահած անցքերի վերա։ Հիշենք մի քանիսը, որ մոտ օրերի անցքեր են։ Արդեբիլում հայ երիտասարդներն ձիարշավ են ունենում, նրանց մեջ գտանվում է մի թուրք, դա նախանձից գրգռված, արձակում է յուր հրացանը և սպանում է հայերից մեկին։ Չարագործը թեև բռնվում է, բայց մնում է անպատիժ։ Րաշտում մի հայ երիտասարդ բոլորովին անտեղի կասկածանաց պատճառավ մի թուրք հրապարակական կնոջ հետ, քարկոծվում է կատաղի ամբոխից։ Մարաղայում թուրքերը դաշտից հափշտակում են մի հայ աղջիկ, և նրան շաբաթներով այստեղ և այնտեղ ման ածելեն հետո, երբ գործը դատի է հասնում, համաձայնում են աղջիկը ետ դարձնել յուր ծնողներին միայն այն պայմանով, երբ նրանք կտային մի նշանավոր գումար փող։ Ծնողներն աղքատ լինելով, տեղային հայ հասարակությունը յուր միջից հավաքում է բավականին գումար, և մոլլաներին ու դատավորին կաշառք տալով, ետ են գնում իրանց անպատված աղջիկը...

Սուլդուղում մի տան մեջ երբ գյուղացի հայերն հավաքված, կատարում էին մի հանգուցելո սուգը, հանկարծ գյուղատեր խանի եղբայրն քսան զինվորված մարդերով պաշարում է տունը և հափշտակում է այնտեղից մի աղջիկ։ Չարագործը յուր անմեղ զոհը մինչև 15 օր յուր կրքերին ծառայեցնելեն հետո, աղջիկը փախչելով ազատվում է, բայց կրկին հափշտակվում է նա...

Թողնենք այդ անիրավություններն, որոնք թեև հաճախ կրկնվում են, բայց դարձյալ պատահական են, դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մշտական կերպով և հաջորդաբար։

Գյուղացիները սարսափելի թշվառության մեջ են. կալվածատեր խաների հարստահարությունը հասցրել է նրանց վերջին աստիճանի աղքատության։ Խաներն առնում են գյուղացիներից երեքպատիկ, չորեքպատիկ անգամ ավելի տուրք, քան այն գումարը, որ նշանակել էր գյուղի վերա կառավարությունը։ Մենք իբրև օրինակ