Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևելով Պարսկաստանի սովորական ձևերին, կարողանում է մի քանի հարյուր թումանով դեպի ինքն գրավել դատավորների որպես օգնությունը, նույնպես և նրանց խղճմտանքը…

Այժմ գյուղացիների վիճակն ավելի անտանելի դարձավ, որովհետև, նրանք իրանց բողոքին բավականություն չստանալեն հետո, այլևս չեն համարձակվում վերադառնալ դեպի իրանց տները, վախենալով, չիցե թե ենթարկվեն իրանց բռնակալի ավելի սարսափելի վրեժխնդրությանը...

Մի քանի ելք միայն կա այս դժոխային դրությունից ազատվելու։ Գյուղացիներն այժմ մտածում են թողնել Պարսկաստանը և գաղթել դեպի ռուսաց հողը։ Երասխ գետը միայն բաժանում է նրանց երկիրը Ղարադաղի գավառից. անցնելով գետը, նրանք ազատված կլինեն, և դա շատ դյուրին է...

Կառավարությունը բոլորովին անհոգ է այդ մասին, նա ամենևին չէ ուզում հասկանալ, որ մի անիրավ Բաղր-խանի և գազան Մահմուդ-խանի պատճառով յուր ժողովուրդը գաղթում է և ցրվում է դեպի օտար երկրներ։ Այսպիսի Բաղր-խաներն ամեն տեղ նույնն են գործում, շատ ժամանակ չէ, մի քանի օր առաջ էր, որ 30 գերդաստան հայեր Սուլդուզից գաղթեցին դեպի Երևանու գավառը. և ամեն օր տեսնում ենք, թե որպես Սպահանի հայերն խումբերով գալիս են և գնում են դեպի ռուսաց Հայաստանը։ Շահ Աբասը այս մարդերին Գողթան գավառից տարավ Պարսկաստան այն մտքով, որ յուր երկիրը երկրագործության և վաճառականության մեջ ծաղկեցնե, և նա չսխալվեցավ։ Բայց նրա հաջորդների օրով խաներն սրով և արյունով դուրս են հալածում իրանց երկրից Պարսկաստանին հազարավոր օգուտներ տված հայերին…

Իսկ այդ բոլորը գործողը չէ բարձր կառավարությունը, նա ոչինչ բանից տեղեկություն չունի... գործում են միայն Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման բռնակալներն… Դրանք Չալաբյան ցեղին են պատկանում, չալաբյանցի և ավազակ բառերն միևնույն նշանակությունն ունեն Պարսկաստանում։

Համարձակվում ենք նորին վսեմության Սահաբ-դիվանի ուշադրությունը դարձնել հիշյալ իրողությունների վերա, նկատելով, որ նրա կառավարությանը պատիվ չի բերի մեր այս ժամանակում, — երբ ամեն պետություն յուր հպատակների հանգստության համար է մտածում, առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, — հայերն Պարսկաստանում հարստահարված լինեին Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման ավազակներից...