Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրիժ, օգոստոսի 15

Պարսկաստանում հրաշագործությունները տակավին կրկնվում են, նրանք սկսեցին հայտնվել և ուրիշ քաղաքներում: Քանի օր առաջ Դավրեժի ամբողջ մահմեդականությունը սարսափելի ոգևորության մեջ էր. գիշերները քաղաքը լուսավորվում էր անհամար ճրագալույցներով. բոլոր կտուրների վերա լինում էին հրախաղություններ և հրացան գործիքների որոտմունքը հանգստություն չէին տալիս։ Մեջիդներից լսելի էին լինում հոգևոր երգեցողություններ, և ամբոխը նրանց մեջ հավաքված, մինչև լույս աղոթում էր…

— Ի՞նչ է պատահել։

— Նոր հրա՜շք։

Ահա՜ ժողովրդի պատմությունը. յոթանասուն տարվա անդամալույծ մեկը, մի ծերունի մահմեդական, երկար տանջվելով յուր անբախտ դրության մեջ, վճռում է կամ մեռնել և կամ բժշկություն գտնել։ Այս մտքով նա մի գիշեր հրամայում է իրան տանել քաղաքի ուխտատեղիներից մեկում, որ կոչվում է իմամզադա։ Այնտեղ նա յուր վզից մի թոկ է կապում և այնպես քարշ է ընկնում իմամզադայի առաստաղից, աղոթելով, որ կամ խեղդվի, մեռնի և ազատվի, և կամ իմամը նրան բժշկություն շնորհե։ Այս դրության մեջ նրա քունը տանում է։ Հանկարծ նրա կողքը խթում են։ Նա զարթնում է և օդի միջից լսում է մի աներևույթ էակի խոսքերը` «վե՛ր կաց, գնա՛, դու բժշկված ես»։

Նրա վզից կապած թոկը ինքն իրան կտրատվում է, անդամալույծը վեր է ցատկում և բոլորովին առողջ ոտերով վազում է մեծ մոլլայի տունը և, պատմում է յուր վերա կատարված հրաշքը... Առավոտյան մեծ մոլլան հայտնում է մյուս մոլլաներին և քաղաքի բոլոր մեջիդները լցվում են բազմութենով, որոնց մեջ նրանք սկսում են փառաբանել Մուհամմեդի ալլահը յուր ցույց տված հրաշքի մասին…

Ժողովրդի մոլեռանդությունը հասնում է ծայրահեղության։ Բժշկված անդամալույծը դառնում է բոլոր քաղաքի համար սրբության առարկա։ Նրա մորուքի և գլխի մազերը բաժանվում են ջերմեռանդ մահմեդականների մեջ[1], նրա հագուստը գզգզում են և

  1. 1 Սույն վիճակին ենթարկվեքավ 1855 թվականի սրբազան կովը, որ սպանդանոցեն մսավաճառի ձեռքից փախչելով, Դավրեժի Հազրաթ-Սահաբի մեջիդը մտավ։ Ողորմելի անասունի մազերի ամեն մի հատը մի մահմեդականի ձեռքում մնաց, որպես բժշկության առարկա, մի քանի շաբաթ նա մեջիդում թանկագին խալիների վերա պառկելու բախտն ունեցավ, բայց հետո կրկին դեպի սպանդանոց տարվեցավ...