Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի պատառն մի մարդու ձեռքումն է մնում։ Որպես սրբություն և նրա հնացած հողաթափներն անգամ նվիրական առարկաների կարգն են անցնում...

Մե՜ծ էր մահմեդականների ոգևորությունը։ Մենք հայերս հանգստություն չունեինք. փողոցներից անցնելու միջոցին թուրքի փոքրիկ լակոտներն ևս ասում էին մեզ. «էրմենի, ինչո՞ւ չես թուրքանում, որ հոգիդ ու մարմինդ ազատվի»։

Ժողովրդի հոգևոր կատաղությունը կարող էր ավելի վատ հետևանքների հասնել, եթե նորին վսեմությունը` Ատրպատականի կուսակալ Սահաթ-դիվանը հուզմունքի առաջն չառներ։ Նա կոչել է տալիս յուր մոտ բժշկված անդամալույծին, և ստուգելով, որ բոլորն շինծու խաբեություն է և ավելի ոչինչ, հրամայում է նրան փայտի կապել։ Եվ բժշկված ոտերին մի քանի հարյուր փայտի հարվածքներ տալով, և այժմ ճշմարիտ անդամալույծ դարձնելով[1], Սահաթ- դիվանը հրամայում է նրան քաղաքից հեռացնել: Խռովությունը դադարում է։ Որքան ամոթ է մեր դարումը այսպիսի խաբեություններով պարզամիտ ռամկին մոլորության մեջ գցել, դա ինքնըստինքյան հայտնի է։ Բայց Պարսկաստանում այս երևույթների հաճախ կրկնվելն ունի յուր առանձին պատճառները։ Հրաշքներն միշտ հայտնվում են որևիցե հասարակական տագնապի միջոցներում, մանավանդ այն ժամանակ, երբ կրոնական հեղափոխություններ են լինում և ժողովրդի մոլեռանդությունն ավելի գրգռված է լինում։ Պարսկաստանում այժմ հայտնված բազմաթիվ աղանդներն, որոնք իսլամին մեծ վտանգ են սպառնում, շատ բնական է, որ հարուցանեին այսպիսի հրաշքներ։— Իսկ այդ բոլորը հին և փտած զենքեր են. ճշմարիտ կրոնքը կարող է պահպանվել միմիայն ճշմարիտ կրթության մեջ։

  1. 2 Որպես երևում է, այդ մարդը երբեք անդամալույծ չէ եղել, այլ մորից կաղ ծնված մեկը, որին երբ ասում էին, թե դու դարձյալ կաղ ես մնացել, նա պատասխանում էր` կաղությունս ինձ խրատի համար թողեց իմամը, որ նրա սքանչելիքը չմոռանամ, բայց մյուս անդամներս բժշկված են...