Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ ԿՈՎԿԱՍԻ ՄԵՋ

Մեր հայերի մեջ, ինչպես այժմ մենք նկատում ենք, կան մի քանի դասակարգի պատկանող անձինքներ, որոնք կենտրոնացնում են իրանց մեջ մեր ազգի ներկա և ապագա ուժը. սոցանից առաջինն է վաճառական, երկրորդ` արվեստավոր և երրորդ` մշակ, այն է` հողագործ դասը։ Խոսելով վերջի երկու դասակարգի վրա մենք գիտենք, թե մինչև որ աստիճան խավար, տգետ ողորմելի դրության մեջ են գտնվում այդ երկու դասակարգերը ևս։ Մշակ երկրագործը ընկած է դեռևս յուր հին նախաջրհեղեղյան հնության մեջ, նորա ճակատի վրա պարզ և որոշ կերպով կարգվում են աստվածային այն անեծքը, թե «միմիայն քո ճակատիդ քրտինքով պիտի վաստակես քո հացդ» և ողորմելին հարյուրավոր տարիներից հետո անդադար ու անդադար քրտինքով դառն աշխատանքով վարում և գործում է հողը, — միմիայն յուր օրական ապրուստի համար, նա դեռևս մինչև անգամ տեղեկություն չունե, թե ինչպես ուրիշ լուսավորյալ ազգերը դյուրությամբ և առանց ծանր աշխատանքի շատ կարճ միջոցում գլուխ են հանում այն գործը, որը երկար միջոց և դառն աշխատանք է այժմ իրան։

Յուր մտավոր, գործնական և արհեստական գիտությամբ, մշակ դասից բարձր չէ և արվեստավոր դասը. նույն նահապետական հին դրությունը, նույն անփոփոխ, կոշտ և կոպիտ արհեստը, որի մեջ գտնվելիս է եղել յուրաքանչյուր արհեստի սկզբնապատճառը, նույնությամբ փայլում է այդ դասի վրա։ «Մշակի» ընթերցողները անշուշտ տեղեկացած կլինեն նորա 40 համարում տպված առաջնորդող հոդվածից այդ դասակարգի վերաբերմամբ, այդ առթիվ այլևս ավելորդ է մեզ երկար խոսել, մինչդեռ կովկասյան ամեն մի քաղաքում հայ արհեստավորները գտնվում են միևնույն դրության մեջ։

Այժմ քանի որ ո՛չ արհեստավոր և ո՛չ մշակ դասը կարող են ներկայումս նպաստել մեր ազգի բարոյական գոյությանը, մեր հույսը մնում է միայն ազգի առավել բարձր, առավել զարգացած, այն է` վաճառականական դասի վրա. նոքա պիտի լինեն մեր հայտնի ներկայացուցիչքը քաղաքական ազգերի առաջ, նոքա պիտի վերականգնեն մեր ընկած նշանակությունը մյուս ազգերի մոտ, և միևնույն ժամանակ նոքա պիտի լինեն մտրակող ուժը մեր մյուս, այն է` արվեստավոր և մշակ դասակարգի։ Այս հարցի մասին քանիցս անգամ կրկնած են մեր պարբերական հրատարակությունները,