Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց գոռում-գոչումները կարծես ցնդած են օդի մեջ, որպես ձայն բարբառո հանապատի... թո՛ղ ներվի մեզ այստեղ մի քանի դիտողություններ անել մեր հայերի անցյալ և ներկա վաճառականական կյանքից։

Հայկական տարագրության տխուր հիշատակարանները, կարծես չկամենալով բոլորովին խորտակել հայի ինքնասիրությունը, ավանդում են մեզ հայի գաղթականության միակ պարծանքը, այն է` նոցա առևտրական նախանձելի ասպարեզը իրան շրջապատող ազգություններից։

Ինչպես հայտնի է գլխավոր գաղթականությունը հայերի Կովկասի մեջ սկսում է Բագրատունյաց իշխանության կործանումից հետո, երբ սոքա փախչելով բռնավոր տիրապետողների սրից, առավել հարմար էին գտնում սահմանափակելու իրանց կովկասյան բարձրագագաթ շղթաների մեջ։ Իհարկե, այն ժամանակ կովկասյան ազգաբանությունները լինելով առավել անկիրթ, առավել ստոր մտավոր դրության մեջ, հեշտ էր հայերին շուտով ձեռք բերել այդ երկրի վաճառականությունը։

Հայերը ամրանալով Կովկասի մեջ, նոցա վաճառականական ասպարեզը չէր կարող ընդլայնանալ դեպի օտար մերձակա սահմանները, քանի որ կովկասյան սարերը պատնեշ էին հանդիսանում նոցա հաղորդակցությանը հյուսիսային և արևմտյան ազգությունների հետ։

Ռուսաստանում հայերը հայտնվում են գլխավորապես Պետրոս Մեծի ժամանակից, երբ աշխարհաշեն ինքնակալը ուշք դարձնելով յուր ժողովրդի առաջադիմությանը, հարմար դատեց ուրիշ ազգերի միջնորդությամբ մի խթան պատրաստել յուր ազգի մեծ մասի տգիտությունից արթնանալուն, և ահա այդ է գլխավոր պատճառը, որ հայերին ևս իբրև վաճառականական ազգի արտոնություններ շնորհվեց ազատորեն պարապելու առևտրով հյուսիսի հետ. իհարկե, հայերը այդ միջոցում օգուտ քաղելով, թե՛ այդ և թե՛ նրանից հետո կրկնված արտոնություններից, տարածեցին իրենց առևտրական ասպարեզը Ռուսաստանի զանազան կողմերում և մինչև անգամ Ռուսաստանից դուրս։

Մի խոսքով հայերն այդ ժամանակ կարող էին մեծ դեր խաղալ վաճառականության մեջ, մինչդեռ իրենց շրջապատող ազգությունները իրենցից բարձր մտավոր դրության մեջ չէին գտնվում, նոքա կարող էին լինել վաճառականներ իրենց դարու ոգու համաձայն, գուցե և նախանձելի ուրիշ ազգերից։ Բայց այնուհետև, երբ