Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարված գավառական հարստահարությունները։ Դա մի պաշտոնական հրատարակություն է, որ դուրս է բերված Կ. Պոլսի պատրիարքարանի արձանագրություններից և 1876 ամի սեպտեմբերի ներկայացրած է տեղային ազգային ժողովին։

Վարագույրը բարձրացավ, այժմ մենք գիտենք, թե ինչ է կատարվում բեմի վրա...

Մինչև այսօր մենք խիստ աննշան տեղեկություններ ունեինք Կ. Պոլսի պատրիարքարանի, այլ խոսքով, ազգային սահմանադրության գործունեության վրա։ Մինչև այսօր մենք համարյա չգիտեինք, թե Կ. Պոլսի հայոց ազգային վարչությունն որ աստիճան նշանակություն ունի Բ. Դռան առջև, և որ աստիճան ձեռնհաս է նպաստելու արտապոլսական գավառացիների գործերին։ -Հիշյալ «Տեղեկագիրքը» տալիս է մեզ թեև շատ տխուր, բայց հետաքրքրական տեղեկություններ։

«Տեղեկագիրքը» բաժանված է երկու մասն։ Առաջին մասը պարունակում է իր մեջ գավառական հարստահարությունների ամբողջ քսան տարվա արձանագրությունների հավաքածուն և ունի այսպիսի վերնագիր` «Ա. Տեղեկագիրք գավառական հարստահարությանց առ Բ. Դուռն հանուն ազգային ժողովո ի 11 ապրիլի 1872»։ «Տեղեկագիրքը» ունի կնիք և ստորագրություն այս անունով` պատրիարք Կ. Պոլսի Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյան։

Հիշյալ «Տեղեկագրքի» բովանդակած խնդիրները, որպես ասացինք, դուրս են բերված պատրիարքարանի 20 տարվա արձանագրություններից և հասնում են մինչև 1872 ամի ապրիլի 11-ը։ Իսկ երկրորդ «Տեղեկագիրքը» ունի այսպիսի վերնագիր. «Երկ. Տեղեկագիրք գավառական հարստահարությանց ի խորհրդարանական հանձնախմբե առ ազգային ժողովն» — Դա պարունակում է իր մեջ 1872 թվից սկսյալ մինչև 1876 սեպտեմբերի 1-ը, այսինքն` 5 տարվա ընթացքում կատարված հարստահարությունների արձանագրությունները։ Ասել է թե, ամբողջ «Տեղեկագիրքը» ներկայացնում է պատրիարքարանի 25 տարվա գործունեությունը։ Թե ինչ չափով և որքան թվով բողոքներ է ստացել պատրիարքարանը գավառներից այս 25 տարվա ընթացքում, հայտնի չէ. հայտնի է միայն, որ 57 զանազան խնդիրների մասին նա պաշտոնական բանակցություն է ունեցել Բ. Դռան հետ։ Դա շատ փոքր թվանշան է, ի նկատի ունենալով այն բազմաթիվ անիրավությունները, որ կատարվում են ասիական Տաճկաստանում, այն ևս 25 տարվա ընթացքում։