Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթերցողին փոքր-ինչ գաղափար տալու համար, թե ինչպիսի հարստահարություններ են կատարվում ասիական Տաճկաստանում, հարկավոր ենք համարում ծանոթացնել թե՛ առաջին և թե՛ երկրորդ «Տեղեկագրքի» բովանդակության հետ։

Առաջին «Տեղեկագիրքը» պարունակում է իր մեջ հետևյալ խնդիրները.

1) Օրենք և արդարություն գործ դնելու մեջ գավառական պաշտոնակալները ընդհանրապես անփույթ և անտարբեր են մնում։ Եվ իրանց կամայականությանը հետևելով, իրանց հաճույքի համեմատ զեղծանում են բարձրագույն հրամանագրերը հարստահարությունները բառնալու և հարստահարիչները պատմելու մասին:

2) Գավառական արքունի ժողովները թեշքիլաթի[1] օրենքով կազմվելով չար և շահախնդիր անձանց մենավաճառության ասպարեզ են դառնում։

3) Գավառացի հայը, մահմեդականների մոլեռանդության ենթակա լինելով, միշտ նախատինքի, թշնամանաց և անպատվության առարկա է դառնում։

4) Արքունի շինվածքների համար հայերին ձրի աշխատեցնում են, և ով որ աշխատելու անկարող է, դրամական անիրավ պահանջմունքի են ենթարկում։

5) ճանապարհների շինության համար հայերին նույնպես ձրի աշխատեցնում են, և կամ այս պատրվակով նրանց կեղեքում են։

6) Կապալառուները (մուլթեզիմ) փոխանակ բերքի տասանորդը ստանալու, բռնադատելով, նրա տեղը զուտ արծաթ են առնում։

7) Նմանապես իր ընտանիքի ուտեստի համար տան պարտեզի մշակած բերքից ստիպեցնում են տասանորդ վճարել։

8) Բերքից ստացած տասանորդը գյուղացիներին ստիպեցնում են կապալառվի շտեմարանը փոխադրել։

9) Կապալառուն դիտմամբ իր ժամանակին չգալու համար, բերքը անձրևի տակ մնալով փտում է (որովհետև գյուղացին իրավունք չունի վեր առնել առանց տասանորդը վճարելու)։ Եվ հետո փտած բերքի տասանորդի փոխարեն ողջի արժեքով զուտ արծաթ է առնում։

10) Գյուղացին պարտավորվում է կապալառուին և նրա գործակալներին իր տան մեջ հյուրասիրել և ձրիաբար կերակրել։

  1. 1 Մի տեսակ դատարանի կազմակերպություն խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից կոչվում թեշքիլաթ, ուր իսկապես ոչ-մահմեդականները միայն ձևի համար ընտրված կամ կոչված են լինում: