Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանվոր անասունները — ծախելու են ստիպում, և ոստիկանության ձեռքով ծեծելու, բանտ դնելու խստություններին են ենթարկում չքավոր ժողովուրդը:

16) Կիները և անչափահաս մանուկները բռնաբարվում են մահմեդական կրոնը ընդունելու համար։

17) Ոչ-մահմեդականների վկայությունը չընդունվելով, մահմեդականների հայերի վերաբերությամբ կատարած առևանգություններն, գողություններն և սպանություններն մնում են անպատիժ:

18) Զինյալ քրդերի, լեռնաբնակ ցեղերի, չերքեզների և բնիկ թուրք դերեբեկիների (ինքնիշխան բռնակալ) այլևայլ հարստահարությունների ներքո հայ ժողովուրդը տանջվում է և կեղեքվում է։

19) Կիները, հարսները, այլ և կույս աղջիկները առևանգվելով բռնաբարվում են։

Ահա սրանք են առաջին «Տեղեկագրքի» խնդիրներն, որ մինչև 1872 թվականը ամբողջ 20 տարվա ընթացքում պատրիարքարանի և Բարձ. Դռան մեջ պաշտոնական բանակցության նյութ են դարձած եղել։ Բայց Դուռը ի՞նչ հոգացողություններ է արել հարստահարությունները բառնալու համար։

Այս մասին մենք առաջ կբերենք հանձնաժողովի նկատողությունը, որ պատրիարքարանի արձանագրություններից առնելով հաղորդում է ազգային ժողովին. «Հիշյալ «Տեղեկագրի» մատուցած թվականեն ի վեր (11 ապրիլ 1872) հարստահարությանց համար պատրիարքարան են գրված թագադիրներն (բողոքագիր) ալ, ինչպես կերևին ձեր հանձնախմբի պատրաստած հավաքածոյեն, կամ պաթթալ ըլլալով (առանց հետևանքի թողնելով, ոչնչացնելով) կամ անպատասխանի թողնելով, և իսթիլամը[1] ապարդյուն դրությամբ հետաձգվելով, և առ առավելն Կենտրոնական Կառավարութենեն առ գավառականս ուղղյալ հրամանագրաց անգործադրելի մնալովը` մոռացության մեջ թողված են, առանց դարման տանելու ժողովրդյան կրած տառապանաց»։

  1. 1 Գավառական հարստահարությանց մասին մատուցած մի բողոք շատ անգամ Բարձ. Դուռը դարձնում է նույն գավառի կամ նահանգի կառավարչին ստուգելու կամ վերաքննելու համար. դա մի խորամանկ ձեռնարկություն է բողոքարկուները ստելու համար: Որովհետև երբեք գավառական կառավարիչները չեն ցանկանա արդարացնել բողոքողներին այս մեղադրանքների մեջ, ուր իրանք դատավորներն շատ անգամ խառն են լինում: Իսթիլամը մի այսպիսի բան է։ Նա կատարվում է առավելապես գործը երկարացնելու և վերջապես մոռացության սնդուկի մեջ ձգելու համար։