Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրիարքության օրերից (1873-ից) մինչև այսօր[1] անդադար բողոքներ են մատուցվել Բարձ. Դռան։ Դուռը խիստ «ազդու» միջոցներ է գործ դրել, որ հիշյալ չարագործը իր պաշտոնից հեռացվի և ժողովրդի հանգստությունը հարգվի։ Եվ մեծ էպարքոսը (սադրազամը) նաև արտաքին, ներքին, և այլն և այլն մինիստրներն այս հարցի մասին հինգ փառավոր հրամանագրեր են ուղղել Արզրումի կուսակալ փաշային։ Հրամանագրերի լեզուն բավական խիստ և ազդու է։ Նրանք հայտնում են, որ «յուր հայրն ու մայրն և կինն սպանող» Շահ Հուսեյնին իր պաշտոնից զրկեն և Երզնկայի գավառից հեռացնեն։ Նրանք հայտնում են, որ «հարյուրավոր սպանություններ գործող» և «քուրդ ավազակների պարագլուխ դարձած»` քրիստոնյա ժողովուրդը կեղեքող` Շահ-Հուսեյնին Երզնկայից հեռացնեն, և իր բռնակալությանց համար աքսորյալ հոր պես, որդուն ևս անհետացնեն...

Հինգ մինիստրների Բարձ. Դռան կողմից ուղղված հրամանագրերի ամբողջ օրինակները դրած են «Տեղեկագրքի» մեջ, և իրանց բովանդակությամբ, այո՛, խիստ ազդու են և մարդասիրական, որպես լինում են ամեն մի թղթի վրա գրված, բայց ոչինչ գործադրություն չգտնող բարձրագույն ֆերմաններն, որոնց Դուռը շռայլորեն դուրս է տալիս իր խաբեության գործարանից...

Հրամանագրերի յուրաքանչյուրի ներքո դրոշմված կնիքների մեջ կարդացվում են Թյուրքիայի այս մեծամեծ մարդերի անունները` Ալի, Մահմուդ-Նեգիմ, Միտհաթ, Մուհամմեդ-Րուշտի, Հուսեին-Ավնի… Հինգն էլ շատ անգամ հասարակ վեզիրից բարձրացել են մինչև սադրազամության բարձր աստիճանը։ Բայց ի՞նչ օգուտ բերեցին այս հինգ մինիստրների հրամանագրերն։ — Ոչի՛նչ։ Նրանք Կ. Պոլսի նեղուցեն դեպի Փոքր Ասիա անցնելով, իրանց նշանակությունը կորցնում են, և Շահ-Հուսեյին չարագործը մինչև այսօր շարունակում է յուր ավազակությունները, որովհետև նա մի ավելի մեծ ավազակի` Արզրումի փաշայի, պաշտպանության տակ է գտնվում…

  1. 1 Տեղեկագրքի մեջ խնդիրներն տարեթվի կարգով դասավորված են, բայց մենք տեղափոխեցինք, ցույց տալու համար, թե ինչ չափով ինչ տեսակ հարստահարություններ են գործվել։