Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղից հասկանալի է, թե ինչու բարձրագույն հրամանագրերն գավառական պաշտոնակալներից շատ անգամ մնում են անգործադրելի։

2. Սղերտ գավառի Սասուն ավանի քուրդ բեգերն, տեղային հայերից արքունի տուրքերը բռնությամբ հավաքելով, այլևս իրանց կողմից գանձին չեն ներկայացնում։ Կառավարությունը զինվորներ ուղարկելով, քուրդ բեգերից ետ է ստանում արծաթը։ Բայց հենց որ զինվորներն հեռանում են, քուրդ բեգերն սկսում են իրանց տված արծաթը վերստին հայերից առնել։ Եվ որպեսզի մյուս անգամ այսպիսի անիրավություններ չպատահեն քրդերից, կառավարությունը այնտեղ զորանոց շինելու և մշտական զորք պահելու որոշում է անում, բայց մնում է անգործադրելի։

3. Մուշի հարստահարիչ քուրդ բեգերից Ֆարիզ և յուր եղբայրն կառավարության հրամանով աքսորվում են Գասթամունի, բայց հետո հայտնի չէ ինչ հնարքով ազատություն գտնելով, վերադառնում են և ավելի վրեժխնդրությամբ սկսում են տանջել և կողոպտել հայերին։ Այդ մասին կրկին թագրիրներ են մատուցվում, կրկին բողոքներ են բարձրանում. բայց բոլորը կամ առանց հետևանքի են թողնում, կամ «բաթթալ» են անում, այսինքն` ոչնչացնում են։

4. Մուշ գավառի Բեռնաշեն, Խութ, Սասուն և Շատախ կոչված երկրների քուրդ հարստահարիչների մասին պատրիարքարանից թագրիր է գրվում, բայց մնում է ապարդյուն։

5. Խարբերդի գավառում Մադեն քաղաքի ճանապարհների ուղղության համար, շինությունների պաշտոնատարներն հայ գյուղացիներին տարապարհակ վարելով (ձրի աշխատացնելով) գործավորների օրական վարձը չեն վճարում։ Բողոք է բարձրանում, բայց արդյունքը հայտնի չէ։

6. Տիգրանակերտի գավառում Սեվերեկ ավանի հայերից զինվորական տուրքի` կառավարության հրամանով պակասացրած` քառորդ մասի զեղչը գործ չդրվելուց հետո, ամբողջությամբ են առնում, բացի դրանից մեռնող և անհայտ եղած անձանց զինվորական տուրքը մնացողներից են պահանջում։ Նաև կառավարության պաշտոնյաներն կալվածների արժեքը խիստ բարձր գնահատելով, չափազանց կալվածական տուրքերով ծանրաբեռնում են ժողովուրդը։ Այլև ճանապարհների շինությանց մեջ ժողովրդին օրենքով սահմանված օրերից ավելի են աշխատացնում։ Բողոք մատուցված է, բայց արդյունքը հայտնի չէ։

7. Վանա կողմերի Հոգվոց վանքը քուրդերն կողոպտում են, եղած-չեղածը տանում են։ Պատրիարքարանը այդ մասին բողոքում է, բայց թագրիրն մնում է առանց պատասխանի։

8. Մուշի գավառում Մոտկան երկրի հայոց գյուղերն քրդերից անդադար հարստահարվում են, որոնց մի տարվա կողոպուտը ներկայացնում է հետևյալ թվանշանները. 799 ոչխար, 53850 ղուրուշ փող (3167 ռուբլի). 1972 բաթման ուտեստ և արմտիք, 121 կտոր հագուստ, 261 թոփ կարմիր կտավ։ Թագրիր է գրվում, հիշյալ ցուցակը ներկայացնելով բարձր կառավարության, բայց գործը մնում է ապարդյուն։

9. Բիթլիսի (Բադեշի) գավառում Մահմեդ-բեկ անունով բռնակալն իր 12 իրդիների և ազգականների հետ նույն գավառի 32 գյուղերում ամեն տեսակ հարստահարություններ են գործում։ Ժողովրդյան բողոքը տեղային կառավարության կողմից անուշադիր մնալով, և մահմեդականներն ու հայերն միանալով, առանձին բողոքագրով դիմում են Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։ Այս մասին բարձր կառավարությունից հրամանագիր է ուղարկված, բայց արդյունքը հայտնի չէ։