Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. Վանա կողմերի Հոգվոց վանքը քուրդերն կողոպտում են, եղած-չեղածը տանում են։ Պատրիարքարանը այդ մասին բողոքում է, բայց թագրիրն մնում է առանց պատասխանի։

8. Մուշի գավառում Մոտկան երկրի հայոց գյուղերն քրդերից անդադար հարստահարվում են, որոնց մի տարվա կողոպուտը ներկայացնում է հետևյալ թվանշանները. 799 ոչխար, 53850 ղուրուշ փող (3167 ռուբլի). 1972 բաթման ուտեստ և արմտիք, 121 կտոր հագուստ, 261 թոփ կարմիր կտավ։ Թագրիր է գրվում, հիշյալ ցուցակը ներկայացնելով բարձր կառավարության, բայց գործը մնում է ապարդյուն։

9. Բիթլիսի (Բադեշի) գավառում Մահմեդ-բեկ անունով բռնակալն իր 12 իրդիների և ազգականների հետ նույն գավառի 32 գյուղերում ամեն տեսակ հարստահարություններ են գործում։ Ժողովրդյան բողոքը տեղային կառավարության կողմից անուշադիր մնալով, և մահմեդականներն ու հայերն միանալով, առանձին բողոքագրով դիմում են Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։ Այս մասին բարձր կառավարությունից հրամանագիր է ուղարկված, բայց արդյունքը հայտնի չէ։

10. Սասունցի քրդերն Մուշի Աղբյուրիկ վանքից յուրաքանչյուր տարի որպես տուրք բռնությամբ առնում են` 400 ղուրուշ փող, 4 կով, 20 ոչխար, 4 բաթման ծխախոտ, 4 բաթման յուղ, 5 գրյու ցորյան։ Եթե վանքը այս բաները չտա, միաբանների կյանքը միշտ վտանգի մեջ է։ Թագրիր գրված է. Բ. Դռնից հրամանագիր ուղարկված է, արդյունքը հայտնի չէ։

11. Տիգրանակերտի նահանգում մի քանի բռնակալ դերեբեկիներ սոսկալի հարստահարություններ են գործում։ Բարձ. Կառավարությունը ժողովրդի և պատրիարքարանի բողոքների համեմատ առանձին քննիչ է ուղարկում։ Բռնակալ դերեբեկիների հանցանքներն ստուգվելով, նրանք Տիգրանակերտ են բերվում և նույն քաղաքում մշտապես մնալու որոշում է լինում։ Բայց կառավարության քննիչը հեռացածին պես, բռնակալներն իրանց տեղն են դառնում և ավելի կատաղությամբ սկսում են առաջվա չարագործությունները շարունակել։ Այդ մասին կրկին բողոքներ են բարձրանում, բայց չարագործներն միշտ մնում են անպատիժ։

12. Մարաշի մութասարիֆ (փաշայի փոխանորդ) Սայիդ-փաշայի անիրավությունների դեմ ժողովրդից գանգատներ լինելով, և պատրիարքարանի թագրիրների հիման վրա, Բարձ. Կառավարությունը հրամանագիր է ուղարկում տեղային կառավարության