Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԳՈ ԲԱՐԵԿԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱԹԱՆՅԱՆՑ

Ձեր վերջին նամակը, որ գրված էր մարտի 7-ին, կարդացի կարի ուրախությամբ: Շնորհակալ եմ. աշխատել եք հասցնելու «Աղթամարա վանքը» մեր մի հատված բանը Մոսկվա պատվելի Նազարյանցին, որ կարդացի «Հյուսիսափայլի» թերթերու մեջ։ Դարձյալ շնորհակալ եմ պարոն Նազարյանցեն առավել հույժ պատճառ, պատվել է մեր գրվածքը տպելով յուր պատվական օրագրի մեջ, մանավանդ մշակելով նորա թերությունքը։

Այս նամակի ծոցումը կստանաք մի քանի ոտանավոր բաներ, որոնք մեր սեփական աշխատությանց պտուղներն են: Սուրբ գիրքը կարդալու Ժամանակ, տեսնելով շատ հարաբերություն ունին դոքա մեր ազգի այժմյան վիճակի հետ, մանավանդ, կարող են փոքրիշատե ներգործել, ազդել նորա բթացած, թմրած, մարմին դարձած հոգու վերա — ախորժել եմ աշխարհաբար թարգմանել, ոտանավորի ձևով։ Խնդրում եմ, այս ոտանավորները նույնպես անկորուստ հասուցանել պարոն Նազարյանցի ձեռքը. թե կամի կարող է տպել յուր օրագրի մեջ (չկարծեմ, որ նորա օրագրի ախորժակին ընդդեմ գտանվին)։ Ոտանավորներու հետ անպատշաճ չեմ համարում ուղարկել պարոն Նազարյանցին այս իմ առ Ձեզ գրված նամակը, պատճառ, նա կարող էր տեղեկություն ստանալ այն խոսքերեն, որ ես դրած եմ Ատրպատականի միսիոնարներու մասին։