Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագրիրներ են գրված, որն անպատասխան մնացած է, որն ապարդյուն:

20. Մուշ գավառի Մորնիկ գյուղի հողերը մի մահմեդական հոգևորական (մուֆթի) բռնությամբ տիրում է: Նույն միջոցում Արզրումի կուսակալը անձամբ այն կողմերը գալով, և որովհետև Մուշն էլ իր կառավարության տակն էր, գյուղացիների բողոքը հիշյալ հողերի մասին լսելով, մուֆթիի տիրապետելը անիրավացի է համարում, և գյուղացիներին նոր հաստատված կալվածագրեր է տալիս: Գյուղացիք այսպեսով կրկին տեր են լինում իրանց 40-50 տարի հերկած արտերին: Բայց Արզրումի կուսակալը փոխվելով, նրա կարգադրությունն էլ հիշյալ հողերի մասին փոխվում է: Մուֆթին գյուղացիներից մի քանի հոգի բերել տալով Մուշ քաղաքը, տեղային կառավարության ժողովի մեջ բռնությամբ և սպառնալիքով վկայություն է առնում, թե հողերն պատկանում են մուֆթիին և ոչ գյուղացիներին: Եվ այսպեսով, նա մյուս անգամ հողերը իր ձեռքն է գցում: Գյուղացիք այնուհետև սկսում են բողոքել, թե վկայություն տվող միայն երկու գյուղացիներն չեն կարող ամբողջ բնակիչների ներկայացուցիչ համարվել, թե նրանք իրավունք չունեին բոլոր գյուղացոց կողմից մի բան խոսելու և այլն: Բայց մուֆթին ազդեցության տեր մեկն լինելով, գյուղացոց բողոքը իրանց երկրում լսելի չէ լինում: Խեղճերն այնուհետև իրանց կողմից երկու պատգամավոր Կ. Պոլիս են ուղարկում, նրանց տալով նաև իրանց կալվածագրերը և ուրիշ գրավոր ապացույցները: Կ. Պոլսում գործը նորից քննվում է, բայց վճիռը հօգուտ մուֆթիին է վերջանում: Պատրիարքարանը կրկին թագրիր է գրում, հետևանքը հայտնի չէ:

21. Խարբերդի նահանգի Չարսանջակ գավառի բոլոր հայոց գյուղերի ամբողջ տները, խանութները, պարտեզները, այգիները և արտերը Իսակ-բեկ անունով մեկը և մի քանի մահմեդական աղաներ բռնությամբ տիրելով, գյուղացիների վրա որպես կալվածատեր հարկ են նշանակում: Գյուղացիների բողոքների և պատրիարքարանի թագրիրների հիման վրա Բարձ. Կառավարությունը առանձին մասնաժողով է ուղարկում Չարսանջակի գավառը այս գործը քննելու համար: Մասնաժողովը գյուղացիների բողոքը իրավացի գտնելով, և Իսակ-բեկի ու մյուսների իրավունքը անհիմն համարելով, յուր տեղեկությունները հաղորդում է Պետական Խորհրդին: Վերջինը իր կողմից հրամայում է տեղային կառավարությանը աղաների միջամտությունը արգելել և գյուղացիներին հիշյալ կալվածների տեր ճանաչել, այլև նրանց կալվածագրերը