Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրոնափոխություններ

35. Բայբուրդ քաղաքի Ռոմելի գյուղացի Մարթա անուն աղջիկը առևանգվում է Սաֆար անունով մի թուրքից Հայերի բողոքելով աղջիկը տեղային կառավարության ատյանում ներկայացնում են հարցուփորձի համար։ Այնտեղ լինում են Բայբուրդի հայոց երևելիներն, մի քանի հույներ և մահմեդականների գլխավորներն։ Փոխանակ աղջկան թույլ տալու, որ խոստովանվի, արդյոք նա իր հաճությամբն է ընդունել մահմեդականությունը, հանկարծ մահմեդականների մոլեռանդ բազմությունը ներս է թափվում, և սկսում են գոռալ. «Աղջիկն արդեն մահմեդականությունը ընդունած է, կրկին հարցնելու հարկ չկա, և եթե նա` մահմեդական չեմ ասե, և դեպի քրիստոնեություն վերադառնա, շարիաթի օրենքով նրան գլխատել պետք է»։ Կատաղի ամբոխը այսպիսի և դրա նման շատ սպառնալիքներ կարդալով, և մորը թույլ չտալով, որ աղջկան մոտենա, խեղճ Մարթային ստիպեցնում են խոստովանել, թե ինքն հաճությամբ է ընդունել մահմեդականությունը, և բռնի կերպով նրան ամուսնացնում են թուրք Սաֆարի հետ։ Բայց Մարթան չկարողանալով մահմեդականի հետ կենակցել, գիշերով փախչում է և յուր մոր տունն է գալիս։ Այս բավական էր քաղաքի մահմեդականությունը կատաղության չափ վրդովմունքի մեջ գցել։ Մոլլաներն քաղաքի մեջ մունետիկ են կանչել տալիս, և մոլեռանդ բազմությունը հավաքում են մադրասաների մեջ, և նրանց գրգռում են, ասելով, թե քրիստոնյաներն մահմեդականություն ընդունող աղջիկը փախցրել են։ Իսկույն երկու հազարի չափ կատաղիներ զենքերով հայոց տների և խանութների վրա են հարձակվում, մեծ մասը կողոպտում են, քանդում, և 30 հոգի հայերից չարաչար վիրավորում են։ Տեղական կառավարությունը Կարնո կուսակալին վտանգը հեռագրով իսկույն իմացում է տալիս։ Կուսակալը զորքով այնտեղ է հասնում, խռովությունը դադարեցնում է, և ստուգելով, թե աղջիկն ամենևին քրիստոնեից կողմից փախցրած չէ եղել, մի քանի մարդիկ Կարին տանելով բանտարկում է։ Բայց գլխավոր խռովարարներն մնում են անպատիժ և կողոպտված ժողովրդի վնասներին ոչինչ հատուցում չէ լինում։ Այդ մասին մի քանի անգամ թագրիրներ են գրված, բայց ամենևին Բարձ. Դռնից պատասխան չէ ստացված։ 36. Սեբաստիո մեջ մի հայ մահմեդականություն է ընդունում և իր աղջիկը հետն է տանում։ Բայց աղջիկն որովհետև չափահաս