Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրիարքարանի պաշտոնական թագրիրներն։ — Յուրաքանչյուր թագրիրի ներքո կարդացվում են այսպիսի մակագրություններ. — Անպատասխան մնացած է»։ — «Ապարդյուն մնացած է»։ — «Սույն թագրիրը բաթթալ (առանց հետևանքի) մնացած է»։ — «Բարձ. Դռնեն հրամանագիր ղրկված է, ինչ արդյունք ունեցած ըլլալն հայտնի չէ»։ — Եվ այսպես, թագրիրներից և ոչ մեկը չենք գտնում, որ յուր նպատակին և յուր նշանակությանը հասած լինի։ Կնշանակե, ամբողջ 25 տարվա ընթացքում Բարձ. Դուռը պատրիարքարանի խնդիրներին բավականություն տված չէ։ Դա շատ ցավալի մի երևույթ է, մի երևույթ, որ ցույց է տալիս, թե սուլթանի կառավարությունը ո՛րքան նվազ պաշտպանում է արդարությունը և իրավունքը, և ո՛րքան սակավ հոգս է տանում նա ոչ-մահմեդական ազգերի հանգստությանը և բարօրությանը։

Արդարև, խնդիրների կարգում տեսնվում են մի քանիսը, որոնք Դռան բարձրագույն ուշադրությունը իրանց վրա դարձնելով, արժանացել են բարձրագույն հրամանագրերի։ Բայց Շահ-Հուսեյն չարագործի հարցը բավական է ցույց տալու համար, թե բարձրագույն հրամանագրերն ինչ նշանակություն ունեն գավառական հարստահարությունները բառնալու համար։ Ընթերցողն արդեն տեսավ, որ հինգ մեծամեծ սադրազամներ և վեզիրներ, որպես էին Ալի-փաշան, Միտհադը, Հուսեին Ավնին և այլն, իրանց հրամանագրերով չկարողանան Շահ-Հուսեյինի նման մի ավազակապետ հեռացնել յուր հարստահարությանց ասպարեզից։ Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր, քանի որ Տաճկաստանի արտակենտրոնական կառավարության մեջ մեծ դեր է խաղում դարաբեկիությունը, այսինքն` անձնիշխանությունը մի պաշտոնակալի, որն որքան հեռանում է կենտրոնից` Կ. Պոլսից, այնքան կամայական և այնքան ապստամբ է դառնում։

Գուցե սուլթանի դուռը շատ անգամ ցանկանում է յուր ոչ-մահմեդական հպատակներին հանգստություն, կյանքի, կայքի և պատվի ապահովություն շնորհել, և աշխատում է բառնալ անիրավությունը, պատժել հարստահարիչներին։ Բայց ի՞նչ օգուտ ունեն բարի ցանկություններն, երբ որ գործադրություն չեն գտնում, երբ որ նահանգական և գավառական պաշտոնակալների կամայականությամբ բոլորը մնում են անգործադրելի: Սուլթանի Դռան բարձրագույն ֆերմաններն նույն նշանակությունն ունեն հարստահարված ժողովրդի բարօրության համար, ինչ նշանակություն որ ունի տեր-բաբայի գրած թալիսմանը մի հիվանդ երեխայի առողջության