Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, որը խորին ջերմեռանդությամբ առնում է մայրն և խնամքով դնում է որդու բարձի տակին, որ նա չմեռնի…

Տաճկաստանի գործերի այսպիսի անկարգ և այլանդակ դրությունը մեզ բնավ չէ զարմացնում, որովհետև նա շատ հատկանիշ է և ծագում է իրերի բնական կարգից։ Որքան էլ աշխատեր, որքան էլ ճգներ Դուռը, և որքան էլ հաճախ իր ֆերմաններով ազատ իրավունք և արդարություն տեղար ժողովրդի վրա, — բոլորն անօգուտ է։ Որովհետև մենք համոզված ենք, թե վերևից միայն հրաշքներ կարող են գործվիլ, բայց մի երկրի բարեկարգությունը պետք է սկսվի արմատից։ Ոչինչ ցանք բուսնել չէր կարող, քանի որ հողը պատրաստված չէ։ Այնպես էլ հազարավոր ֆերմաններ միշտ կմնան որպես մեռած տառ, քանի որ ամբոխն յուր կրթությամբ չէ համապատասխանում բարձրագույն նպատակին։

Թողնենք փիլիսոփայությունը։

Անկարելի է, որ բոլոր նահանգական և գավառական բարձր և ստոր պաշտոնակալներն լինեին անիրավ մարդիկ։ Որպես պատրիարքարանի «Տեղեկագրքից» ևս երևում է, նրանց մեջ կան և այնպիսիքը, որ աշխատում են գործ դնել բարձրագույն հրամանը, աշխատում են հարստահարիչներին զսպել, բայց և նրանց աշխատությունը մնում է ապարդյուն։ Որովհետև այսպիսիները շատ անգամ իրանց դեմ են հուզում մոլեռանդ մահմեդականության կատաղությունը և այսպիսով չեն կարողանում պահպանել իրանց դիրքը։ Հարստահարիչների գլխավորներն ամեն տեղում երկրի նշանավոր և ազդեցության տեր մարդիկն են, և նրանցից է կախված մի փաշայի կամ մի կուսակալի վիճակը։ Եվ մահմեդական ժողովուրդն յուր շահերով կապված է գլխավոր հարստահարիչների հետ։ Այսպիսի հանգամանքներում ինչ կարող է անել մի թույլ և անզոր տերության նույնպես անզոր պաշտոնակալը, նա ևս ստիպված է գնալ ընդհանուր հոսանքի հետ։ Որովհետև պաշտպանել հարստահարված հային հարստահարող մահմեդականի դեմ` նույն է, որպես զրկել վերջինը յուր անիրավ շահերից, որ մինչև անգամ կրոնքով նրան թույլ տրված է, որը նրա բնավորության մեջ պատմականաբար արմատացած է...

Մահմեդականության գաղափարը կից է հարստահարության գաղափարի հետ, որը կրոնից տարրացել է ամբոխի մեջ։ Ամեն կրոն նույն օրենքներն և վարդապետություններն ընդհանուր մարդասիրական նշանակություն չունեն. այսինքն` երբ նա խտրություններ է դնում յուր հավատացյալների և օտարների մեջ։ Օրինակ,