Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն որ արգելված է մի մահմեդականի դեմ գործելու, շատ անգամ թույլ է տրված գործել, երբ դա վերաբերում է մի այլադավանի։ Մենք կարող ենք հարյուրավոր փաստեր բերել, բայց բավական է հիշել մեկը։ Մահմեդական օրենքով վկայությունը նույն ուժը և զորությունը ունի, որպես գրավոր ապացույցը։ Բայց ոչ-մահմեդական ազգերի վկայությունը մահմեդականի վերաբերությամբ չէ ընդունվում։ Ահա՛ օրենքի այս խտրության տակ կարող են ծածկվել ամեն տեսակ չարագործություններ։ Մահմեդականը մի հայ սպանել է, մի հայ աղջիկ բռնաբարել է, մյուսի այս ինչ բանը գողացել է, և այս բոլորը պատահել են հայոց շրջանում, իհարկե, վկաներն նույնպես հայ կլինեն, բայց նրանց վկայությունները չընդունվելով, հանցանքը մնում է անպատիժ։ Ոչ-մահմեդականի վկայությունն այն ժամանակ միայն կարող է ընդունված լինել, երբ տված կլինի մահմեդականի օգտին։ Եվ այսպես մահմեդական կրոնը գլխավոր արգելառիթներից մեկն է Տաճկաստանում արդարություն և քաղաքացիության հավասարություն մտցնելու։ Այստեղից հասկանալի է, թե ինչո՞ւ Բարձ. Կառավարության, շատ անգամ բոլորովին անկեղծորեն առաջարկած, բարենորոգումները քրիստոնյաների վերաբերությամբ մնում են անկատար։

Եթե պատրիարքարանի «Տեղեկագիրքն» ընդունենք որպես Ասիական Տաճկաստանում հայերի վերաբերությամբ կատարված հանցանքների վիճակագրական արձանագրություն, այն ժամանակ դուրս բերված թվանշաններն մեզ շատ տխուր եզրակացությունների կհասցնեն։ Խոսենք յուրաքանչյուրի վրա առանձին-առանձին։

Քսանևհինգ տարվա միջոցում կատարված կրոնափոխությունների թիվը (2 հոգի միայն) ամենափոքր տեղն է բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ։ Դա ինչի՞ց է։ Գուցե ոմանք կմտածեն, թե կրոնափոխություններ սակավ են պատահում և պատրիարքարանին այդ մասին չեն զբաղեցնում։ Ո՛չ, պատահում են, և ավելի մեծ թվով, և եթե պատրիարքարանը այդ մասին ունեցել է երկու խնդիրներ, միայն դա ունի յուր առանձին պատճառները։

Կրոնափոխությունները Ասիական Տաճկաստանում համոզմունքով չեն կատարվում, որովհետև մահմեդականությունն այն առավելությունը չունի, որ քրիստոնյա հայը ցանկանար յուր կրոնը փոխել. այդ մասին բավական է ի նկատի ունենալ անբախտ Մարթայի անցքը։ Կրոնափոխությունները պատահում են ըստ մեծի մասին աղջիկների և կնիկների մեջ հետևյալ պատճառներով.