Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են բռնության առաջ... Եվ այսպես, կրոնափոխությունները կանանց վերաբերությամբ կապված են առևանգության և բռնաբարության հետ:

Այստեղից հայտնի է, թե ինչու կրոնափոխությունների մասին եղած խնդիրները շատ փոքր տեղ են բռնում պատրիարքարանի արձանագրությանց մեջ: Որովհետև պատրիարքարանն ինքնակամ գանգատ սկսել չէ կարող, քանի որ ժողովրդի կողմից բողոք չէ լսում, և ժողովուրդը վերոհիշյալ երկու պատճառներով շատ անգամ լռում է դեպքերի մասին: Եվ եթե Մարթայի դժբախտ անցքը չսպառնար Բայբուրդի ամբողջ հայերի կոտորածին, հազիվ թե նա պատրիարքարանի և Արզրումի կուսակալի ուշադրությանը կարժանանար:

Այս մեր դիտողությունները կանացի սեռի մասին են, բայց կրոնափոխությունները տղամարդերի մեջ կատարվում են բոլորովին ուրիշ շարժառիթներից: Օրինակ, շատ անգամ մի հայ մարդ յուր ազգակիցների հետ վեճեր ունի, դատ ունի, կամ որևիցե ոխակալության համար կամենում է վրեժխնդիր լինել յուր ոսոխից, այսպիսին մահմեդականներից պաշտպանություն գտնելու համար փոխում է յուր կրոնը, որովհետև մահմեդականությունն ավելի իրավունք, ավելի դյուրություն է տալիս նրան չար կրքերը հագեցնելու: Կամ թե մեկը հանցանք է գործել, փոխելով յուր կրոնը, նա ազատվում է պատժից, և կամ ծույլ ու թշվառ մեկն է, նա յուր օրական հացը գտնում է կրոնափոխության մեջ: Եվ այսպես, տղամարդերից կրոնափոխ լինողներն ըստ մեծի մասին լինում են չար և անբարոյական մարդիկ, որոնք մահմեդական շրջանի մեջ ավելի հագուրդ են գտնում իրանց մոլություններին:

Ուրիշ պատճառներ մենք չեն ճանաչում կրոնափոխության մասին, որովհետև գիտենք, որ մահմեդականությունը միսիոնարներ չունի. նրա հիմքը դրվել է սրով և այժմ պահպանվում է մոլեռանդության մեջ:

Մնում է մի քանի խոսք ասել մանկահասակ պատանիների կրոնափոխության մասին. այդ թշվառներին նույնն է պատահում, ինչ որ պատահում է մանկահասակ օրիորդների հետ, որովհետև երկուսն էլ միևնույն նշանակությունն ունեն մահմեդական աշխարհում…

Կրոնափոխություններից հետո պատրիարքարանի արձանագրությանց մեջ փոքր տեղ են բռնում սպանությունները (6 հոգի միայն). դա շատ տխուր մի երևույթ է, որով մեկնվում է Տաճկաստանի