Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայի թշվառ դրությունը։ Կրկնում ենք տխուր, այո՛, շա՛տ տխո՛ւր, — և գուցե այս ասացվածը կբարձրացնե մեր դեմ մի այսպիսի հարց. «մի՞թե ցանկալի էր, որ մեծ թվով կոտորեին հայերն Տաճկաստանում»։

Մենք կյանքի և բնության մեջ կատարված երևույթները, թեև վերաբերում ենք մի նախասահմանյալ տեսչության, բայց համոզված ենք, որ ամեն մի երևույթ ունի յուր իրական պատճառները։ Եվ այսպես էլ հայերի մեջ կատարված սպանությունների սակավությունը չենք կարող վերաբերել մահմեդականների գթությանը, թե նրանք ավելի մարդասիրաբար են վարվում հայերի հետ, մինչդեռ իրանց մեջ ավելի մեծ թվով են կոտորում մինը մյուսին։

Պարզենք մեր միտքը։

Մի հասարակության մեջ կատարված հանցանքների թիվը, նրանց բնավորությունը և տեսակը ցույց են տալիս նույն հասարակության նյութական և բարոյական դրությունը։ Եվ հանցանքների պատճառներն ու նրանց շարժառիթներն այնքան զանազանվում են, որքան զանազանվում է մի հասարակության կրթության աստիճանը մյուսից և նրա տնտեսական դրությունը։

Առհասարակ նկատված է, մի հասարակության մեջ ավելի մեծ թվով կատարվում են սպանություններ, երբ աշխատությունը, արդար վաստակը և ապրուստի ապահովությունն ընդհանրացած չէ ժողովրդի բոլոր դասակարգերի մեջ, երբ զորեղն անզորին ճնշում է և խլում է նրա ձեռքի վաստակը։ — Ասիական Տաճկաստանն այդ դրության արյունոտ պատկերն է ներկայացնում։ Այստեղ ոչ միայն մասնավոր գողեր և ավազակներ խլում են օտարի բարին, այստեղ ոչ միայն բռնակալ դարաբեյիներ կողոպտում են ժողովուրդը, այլ ավազակներից կազմված ամբողջ խումբեր (որպես քուրդերի ասպատակներն) արշավանք են գործում երկրի մի կողմից դեպի մյուսը, հափշտակում են և ամեն տեղ տարածում են ավերմունք և աղքատություն։ — Մի փոքր ընդդիմադրություն հափշտակվողի կողմից վերջ է տալիս նրա կյանքին, և այստեղից առաջ են գալիս սպանությունները։

Սպանություններն այստեղ պատահում են կայքի հափշտակության և նրա պահպանության համար գործ դրված երկու հակառակ ուժերի մեջ, և որքան սաստիկ է լինում ընդդիմադրությունը, այնքան աճում է սպանությունների թիվը։

Բայց քննելով պատրիարքարանի արձանագրությանց թվանշանները, մենք բոլորովին հակառակ եզրակացության ենք հասնում։