Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ուրիշ բան է, երբ մի կառավարություն ինքն է պահում զենքը յուր ձեռքում, իրան միայն է սեփականում նրա գործածության իրավունքը, և հետևապես ինքն հսկում է հպատակների հանգստության և ապահովության վրա, բայց քանի որ Տաճկաստանն այդ անելու զորությունը չունի, այն ժամանակ հպատակների վրա է մնում անձնապաշտպանության հոգսը ինչ կերպով և լիներ։

«Թո՛ղ ուրիշն փրթե, ես խփշտեմ», — ասում է հայկական առածը. — դա մի ծույլ ազգի առած է, որի մեջ բովանդակվում է նրա կյանքի ամբողջ վարդապետությունը… Հայը դեռ սպասում է... հրեայի համբերությամբ սպասում է… եթե ուրիշի արյան գնով քրիստոնյաներին հանգստություն կբաշխվեր, գուցե իրան էլ մի պատառ կգցեին։ Լավ երազ է, եթե ի բարին կատարվի...

Հայը յուր ամբողջ կյանքում այսպես է վարվել. — «թող ուրիշը փրթե, ես խփշտեմ» և յուր ստրկությունն այս քաղաքականությանը հետևելու արդյունք է։ Նա այսպե՜ս է վարվել ոչ միայն յուր քաղաքական կյանքում, այլև գիտության, արհեստի, ճարտարության մեջ նույնն է եղել. — նա ոչինչ չէ արդյունաբերել, ոչինչ չէ տվել մարդկությանը, այլ միշտ «խփշտել է ուրիշի փրթածը...»։ Մենք շատ խիստ լեզու չենք գործածի հայի այս վարմունքի դեմ, միայն կասենք, որ մուրացկանությունը ծույլերի հատկանիշն է… և մուրացկանի փորին շատ անգամ չի աջողվի կշտանալ օտարի փշրանքով...

Դառնանք դեպի մեր խոսքը։

Ասեցինք, թե հայերի վերաբերությամբ կատարված սպանությունների փոքր թվանշանները, պատրիարքարանի արձանագրությանց համեմատ, ապացույց են նույնիսկ հայերի թուլությանը և նրանց ստրկային հոգու ցածությանը։ Այս հարցը ավելի պարզելու համար հարկավոր ենք համարում փոքր-ինչ երկար խոսել հարստահարությունների և կալվածական խնդիրների մասին, որոնք պատրիարքարանի արձանագրությանց մեջ համեմատաբար ավելի մեծ տեղ են բռնում։

* *
*

Հարստահարություններն կատարվում են ըստ մեծի մասին տաճկական Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, և կենտրոնը, որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, համարելու է Վանա ծովակի շուրջը դրված երկիրները։ Այս երկրներն