Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են` Արզրումի նահանգն յար գավառներով, Տիգրանակերտի նահանգն յուր գավառներով և Վասպուրականի երկիրն յուր գավառներով։ Դրանք այն երկրներն են, որոնք ավելի խիտ բնակեցրած են հայերով, և ավելի հեռու դրած են Կ. Պոլսից։

Հարստահարությունները կարելի է երեք տեսակի բաժանել. հարստահարություններ, որ կատարվում են կառավարության պաշտոնակալների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են քուրդ դերեբեյիների (բռնակալ, ապստամբ) և թուրք ազդեցության տեր անձինքների կողմից, հարստահարություններ, որ կատարվում են մահմեդական հասարակ ժողովրդի կողմից։

Կառավարության պաշտոնակալների կողմից եղած հարստահարություններն ըստ մեծի մասին վերաբերում են տերության տուրքերին և հարկահանների անգթությանը։ Տուրքերի տեսակներն և նրանց վճարման ձևերն այնքան զանազան են, որ անկարելի է այդ մասին մի որոշ տեղեկություն տալ։ Որովհետև յուրաքանչյուր երկրում միևնույն տուրքը, թե՛ իր քանակության մեջ և թե՛ նյութի հատուցման մեջ տարբերվում է, ավելի կախումն ունենալով հարկահանների բարոյական հատկությունից, քան թե օրենքի տրամադրությունից։ Բայց ժողովրդի գանգատներն գլխավորապես վերաբերում են տուրքերի անարդար բաշխմանը, որով մահմեդականների հարկերի ծանրությունն ընկնում է հայերի վրա։ Հայը դյուրընտել և հլու բեռնակիր է, նա եզի համբերությամբ կրում է յուր ծանրությունը, որքան և անտանելի լիներ նա... իսկ տաճիկը կարող է ըմբոստանալ, կարող է թոթափել իրանից բռնության ձեռքից դրած բեռը…

Զինվորական տուրքը հայերի վերաբերությամբ այն պարտավորությունների կարգիցն է, որ յուր հետ արտոնություններ չունի։ Հայը, որպես մեր նկատողության մեջ հայտնեցինք, զինվորի փոխարեն փող վճարելով, չէ վայելում այն բացառիկ իրավունքները, որ շնորհվում է զինվոր տվող մահմեդականին։ Հայի զինվորական տուրքը համարյա մի կերպ տուգանք է, որ նրան տուժել են տալիս, օգուտ քաղելով նրա տխմար ներողամտությունից...

Երբ առաջին անգամ բարձրացավ Տաճկաստանի զինվորագրության հարցը, մեր պարբերական թերթերը դրա վրա երկար վիճեցին։ Ես դեռ հիշում եմ այն հիմար վիճաբանությունները։ Համարյա մեծ մասի խոսքերը հանգում էր այս ասացվածի մեջ. «Հայը թող զինվորի փոխարեն փող տա. նա փողը միշտ կարող է աշխատել, բայց հայի համար թանկ է յուր արյունը»։