Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքա՛ն վախենում է այդ ազգն արյունից, ամենևին չմտածելով, թե փրկությունը արյան մեջն է...

Մեր ազգի պատմությունը մեզ ուսուցանում է, երբ հայերն պարսիկների, մոնղոլների, արաբների և այլ տիրապետող ազգերի զորքի մեջ զինվորներ ունեին, նրանք քիչ չէին պաշտպանում իրենց հայրենիքը նույն ազգերի բարբարոսություններից, որոնց ծառայության մեջ էին: Այսպես էլ, հայը Տաճկաստանի զինվորության մեջ, եթե ուրիշ օգուտ չտար յուր հայրենիքին, գոնե այսքանը կսովորեր, թե բացի ստրկական խոնարհությունից կա և մի ուրիշ բան անձնապաշտպանության համար՝ զենքը:

Բայց մենք համոզված ենք, եթե հայերն թուրքաց զորքերի մեջ զինվորներ ունենային, այժմ Ասիական Տաճկաստանի հարստահարությունները մեծ մասամբ բարձված կլինեին: Այս խոսքը երկար բացատրությունների կարոտ չէ: Ով որ ճանաչում է Տաճկաստանը, ով որ գիտե, թե ի՛նչ աղբյուրներից են ծագում հարստահարությունները, նա ևս մեզ հետ կհամոզվի, թե զինյալ քրդի դեմ միայն զինյալ մարդը կարող է պահպանել յուը կայքը, յուր ընտանիքը, յուր պատիվը և այլն. — եթե ոչ քրդին արքունի ֆերմաններով կարգ-կանոնի մեջ պահել անկարելի է։

Մեր խոսքը կառավարության պաշտոնակալների հարստահարությանց մասին էր։ Պատրիարքարանի արձանագրությանց մեջ զինվորական տուրքից հետո ավելի աչքի է զարկում տասանորդի տուրքը, որ ստացվում է մշակության բերքերից։ Այստեղ մշակ մարդու թշվառությունը հասնում է վերջին աստիճանի անկարեկցության։ Գյուղացին ստիպված է երկու տեսակ տուրք վճարել այն հողի համար, որը մշակում է. մինը` կալվածական տուրք կամ հողային հարկ, մյուսը` մշակած բերքի տասանորդը։ Դա այն ժամանակ է լինում, երբ հողը միմիայն մշակի սեփականությունն է։ Բայց որպես երևում է պատրիարքարանի արձանագրություններից, հայերի սեփականություն եղած հողերը մեծ մասամբ թուրք և քուրդ դերեբեյիները բռնությամբ հափշտակել են։ Այս դեպքում հայը դարձել է դերեբեյիի կամ յուր նոր աղայի ձեռքում ճորտ։ Այժմ նա յուր մշակած հողի համար պարտավոր է վճարել չորս տեսակ տուրքեր, որովհետև երկու աղա ունի, մինը` կառավարությունը, մյուսը` յուր նոր կալվածատերը։ Նա վճարում է կառավարությանը կալվածական տուրքը և տասանորդը առանձին, բացի դրանից վճարում է կալվածատիրոջը միևնույն հողի համար առանձին կալվածական տուրք և բերքի տասանորդ։ Երևակայեցեք մշակ մարդու դրությունը,