Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ի՞նչու նա թողնում է յուր արորը, թողնում է հայրենի երկիրը և գաղթում է օտար երկրներում բախտ որոնելու...

Հիշյալ տուրքերի վճարման ձևերը ավելի ևս սաստկացնում են մշակի անբախտությունը։ Կառավարության պաշտոնակալները տասանորդի տուրքը տալիս են կապալով իրանց մերձավորներին, և գաղտնի կերպով նրանց հետ ընկեր են դառնում։ Կապալառուն, վարձկանը (մուլթեզիմը), ավազակի չափ անգութ կլինի և հափշտակող, մանավանդ երբ յուր անիրավությանց վրա հսկող պաշտոնեությունն յուր գործունեությանը և յուր շահերուն ընկերակից է։ Պատրիարքարանի արձանագրությունները բավականին ապացույցներ ունեն, թե որպես են կողոպտում կապալառուները։ Նրանք բացի սովորական տասանորդից առնում են շահնալըգ և օլչեք հագգը կոչված արգելված տուրքերը։ Նրանք երբ բերքը գին չէ բերում, թողնում են, մշակի հունձքը փտում է, ոչնչանում է կալի մեջ, և այնուհետև տասանորդի փոխարեն պահանջում են արծաթ փող։ Իսկ երբ որ մշակը փող չունի վճարելու, ծախել են տալիս նրա երկրագործական անհրաժեշտ պարագայքը և նրա անասունները։ Ահա գլխավոր պատճառը, թե ինչու հողագործությունն առաջ չէ գնում Ասիական Տաճկաստանում և ինչու սովը հաճախ կրկնվում է այս երկրում։ Ի՞նչ անե մշակը, երբ ինքն կառավարությունն ուղղակի և անուղղակի կերպով նրա ձեռքի վաստակը հափշտակում է, և եթե մի բան էլ մնացել էր, այն ևս բռնությամբ տիրացած կալվածատերն է տանում։

Մեր հոդվածի համառոտությունը չէ ներում ուրիշ մանրամասնությունների մեջ մտնել, այսքանը միայն կասենք, որ նույն երկրում, միևնույն հողի վրա բնակվող մահմեդական մշակի հետ այս բաները չեն պատահում։

Կառավարության պաշտոնակալների դատաստանական խտրությունները մահմեդականների և ոչ-մահմեդականների վերաբերությամբ ոչ սակավ զրկում են հայերին իրանց արդար իրավունքներից և նրանց մասին կատարված անիրավությունները միշտ մնում են անպատիժ։ Այս հանգամանքներում հայը մի ճար միայն ունի դատավորի արդարությունն յուր կողմը գրավելու. այն է` յուր արծաթով ամոքել նրա կաշառասեր սիրտը։ Իսկ դա խիստ հազիվ է հաջողվում նրան, որովհետև շատ անգամ յուր արծաթով դատավորի քսակը լեցնելեն հետո, նա դարձյալ կորցնում է յուր իրավունքը։ Դատավորը միշտ դեպի այն կողմն է թեքվում, ուր ուժ կա, բայց