Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տաճկաստանում ուժ և զորություն ունի միայն մահմեդականը։ Թողյալ այդ, մահմեդականը վայելում է օրինական առանձնաշնորհություններ, որից զուրկ է քրիստոնյան։ Օրինակ, նա կարող, է անթիվ վկաներով իրան արդարացնել, բայց հայի վկայությունը չէ ընդունվում։ Եվ վկայությունը մահմեդական օրենսդրության մեջ մեծ դեր է խաղում։ Շատ ժամանակ չէ, որ Կ. Պոլսի լրագրներում կարդացինք մի դեպք, որ պատահել էր Վանա կողմերում։ Մի մահմեդական, առանց գրավոր ապացույցի, միայն սուտ վկաներով մի հայի իրան պարտական էր արել, և բանտ դնել տալով, փողը ստացավ։ Այսպես ամեն մահմեդական կարող է ցանկացած հային կողոպտել. վկաներ նրա համար պակաս չեն լինի, և ինքն դատավորը կնպաստե նրա չարագործությանը, որովհետև ստացած արծաթի մի մասն էլ իրան է պատկանում…

Մահմեդականը ամեն մի հայի ճակատի վրա կարդում է այս խոսքերը` «գյավուր և ռայա» — և այս խոսքերի մեջն է բովանդակվում նրա համոզմունքի ամբողջ վարդապետությունը, թե հայը ուրիշ ոչինչ չէ, բայց միայն աստծուց իրան շնորհված մի որս, որին նա իրավունք ունի ամեն կերպով յուր պիտույքներին ծառայեցնելու... Եվ մահմեդականը չէ սխալվում յուր կարծիքի մեջ, քանի որ հայը յուր կրավորականությամբ. արդարացնում է նրա կարծիքը…

Այսքանը բավական է կառավարության պաշտոնակալների մասին, այժմ դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մասնավոր բռնակալների (դերեբեյիների) և հասարակ ժողովրդի կողմից։

Պատրիարքարանի արձանագրությանց մեջ ավելի մանրամասն տեղեկություններ կան այդ մասին, և պատրիարքարանի Բարձ. Դռան մատուցած բողոքագրերի մեծագույն մասը նվիրված են գավառական հարստահարություններին։ Ընթերցողն արդեն բավական գաղափար ստացած է, թե ինչ տեսակ հարստահարություններ են կատարվում, և մենք դրա վրա երկար խոսելու նպատակ չունենք, միայն կամենում ենք մասնավորապես ցույց տալ այն աղբյուրները, որտեղից ծագում են հարստահարություններն։

Տաճկական Հայաստանի ժողովրդաբնակության մեջ հայերից հետո բազմություն են կազմում քրդերը, մի ազգ, որ մինչև այսօր ապրում է նախնական կյանքով, մի ազգ, որ արհեստ և երկրագործություն չունի, այլ ավազակությունը համարում է արդար վաստակ և սպանությունը` քաջություն։ Քրդերի մեծ մասը վարում են չվական