Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեին ժողովրդի ընդունակության հետ. մինչ դորա հակառակ, պրոտեստանտներու քարոզությունքը փշի նման ծակոտում էին ծիսապաշտ ժողովրդի սիրտերը։

Լուսավորության մասում հռովմեական քահանայքը ոչինչ օգուտ չարդյունավորեցին յուրյանց նոր կրոնափոխ ժողովրդին. միայն թե ասորի ազգի առաջուց աստվածացրած սնապաշտության տեղ սովորեցրին պաշտել մի նոր աստված, պապը։ Այժմ կաթոլիկները որպես Ուրմիում, նույնպես և Սալմաստում Խոսրովյո գյուղի մեջ ուսումնարաններ ունին երկու սեռ մանուկ մարդերի համար։ — Որոց մինի մեջ ուսուցանում են քահանայքը տղամարդերին, իսկ մյուսի մեջ ֆրանսիացի կուսանք աղջիկներուն։ Բայց մինչև այսօր, մի մասնավոր կրթություն ունեցող մարդ չէ դուրս եկել նոցա վարժարաններից։ Այն չեմ կարող ուրանալ, որ դուրս եկել են տիրացուներ, որք գիտեն անգիր մի քանի սերտած եկեղեցական աղոթք և մի քանի հատուկտոր բառեր ֆրանսերեն։ Եվ աստվածաբանությունից մի քանի թույլ փաստեր, որով հակաճառությանց մեջ, կարող էին մի հայ տգետ քահանայի դեմ, հաստատել Պետրոսի գլխավորությունը առաքյալներու վերա, սուրբ պապի, նորի հաջորդ լինելով, բոլոր քրիստոնեից վերա, այս աշխարհում աստվածանալու կարողություն ունենալը. մանավանդ երկնքում արքայության դռնապան լինելը և դժոխքի մեջ Կերբերոսի պաշտոն կատարելը։

Հետին ժամանակներում, երբ 3 տարի առաջ (իհարկե հայերը կրոնափոխ առնելու համար) Վիեննայի սուրբ Ղազարու միաբաններից Սալմաստ եկան երկու վարդապետներ — հայր Մովսեսը և հայր Կղեմես Սիբլլյանը, ընթերցող հասարակության ծանոթ, հնագետ և դրամագետ անձն։ Դոցա գալուստը սկզբում խիթալի էր, շատ վտանգավոր երևեցան հասկացող աչքերու. բայց վերջում համարյա բոլորովին անարդյուն եղան։ Պատճառ, նոքա ոչ մի հայ չկարողացան մոլորեցնել յուրյանց երևելի հայ ազգի և հայ կրոնավորների անունով (որպես սկզբում վարվում էին)։ Շուտով հեռացան նոցանցից նոցա հետևող մի քանի թեթևամիտ գյուղացիներ, երբ հասկացան նոցա չար դարանագործությունը։

Միսիոնարները մինչև այսօր ոչ մի հայ չեն կարողացել Ատրպատականի մեջ կրոնափոխ առնել։ Այստեղ ավելորդ չեմ համարում ծանուցանել ձեզ գլխավոր պատճառը. և գուցե ընդունեք։ Առաջին, հայերը Պարսկաստանի մեջ կորած չեն, պահպանում են յուրյանց ազգային իրավունքը, ունենալով յուրյանց հոգևոր