Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց թույլ տվավ հենց Հայաստանում իրանց համար բնակության և մշակության տեղեր բռնել։ Բայց ո՞րպես։

Հողերը հայերի ձեռքումն էին գտնվում, պապերից և հայրերից մնացել էին նրանց որպես ժառանգություն։ Քուրդին դժվար էր փողով հայից հող գնել. որովհետև նա սովորած էր ամեն ինչ բռնությամբ խլել հայից, ինչ որ իրան պետք էր։ Այսպես էլ արեց։ Այստեղից առաջ եկավ հարստահարության մի նոր խնդիր, այն է` հողային կամ կալվածական խնդիրը։

Պատրիարքարանի առաջին «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ, այսինքն մինչև 1872 թվականը, հողային կամ կալվածական խնդիրների մասին ամենևին հիշատակություններ չկան։ Կնշանակե, մինչև վերոհիշյալ թվականը հայերն իրանց հողերի և այլ կալվածների տերն էին։ Դա այն ժամանակին է վերաբերում, երբ քրդերն բոլորովին չվական կյանք էին վարում և տակավին հողի հետ գործ չունեին։ Բայց երբ կառավարության հրամանով նրանք սկսեցին փոքր առ փոքր հաստատ կացություն հիմնել, շատ բնական էր, որ պետք է ծագեր հողային խնդիրը։

Այս խնդիրը, որպես ասեցինք, երևան է գալիս 1872 թվականից հետո և պատրիարքարանի երկրորդ «Տեղեկագրքի» արձանագրությանց մեջ մենք գտնում ենք նրա հիշատակությունը։ Մինչև այնօր հայերի միայն շարժական կայքը հափշտակող քրդերն և այլ վայրենի ցեղերն այնուհետև սկսում են ձեռնամերձ լինել նրանց անշարժ կայքերին։ Նրանք զանազան գավառներում հայերից հափշտակում են մինչև 263 գյուղորայք իրանց պատկանած հողերով։ Գավառների և գյուղերի, նաև հափշտակողների անունները մի ըստ միոջե գրված են «Տեղեկագրքի» մեջ։ Հիշյալ գյուղերից շատերի հայ բնակիչներին քրդերն բոլորովին արտաքսում են և կալվածները սեփականում են իրանց։ Բայց գյուղերի մեկ մասի հայ բնակիչներին իրանց տեղն են թողնում, միայն հողերը նրանց ձեռքից խլելով, իրանք դառնում են կալվածատեր։ Եվ այսպես հայերին հպատակեցնելով քրդերն նրանց հայրենական հողը իրանց մշակել են տալիս, տուրք և տասանորդ են առնում, և մինչև անգամ բերքի կես մասն իրանք են տանում։ Բացի հիշյալ 263 գյուղերից և ավաններից քրդերի ձեռքն են անցնում Սղերտի գավառի, Չարսանջակի գավառի և Չարշամբայի գավառի բազմաթիվ հայաբնակ գյուղերի կալվածները, որոնց անունները նշանակված չեն։

Քրդերը չեն բավականանում հայերի միայն անձնական կալվածքներով, նրանք սկսում են տիրել նաև վանքային կալվածները,