Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և 21 վանքերի ընդարձակ հողերը զոհ են դառնում նրանց հափշտակությանը։

Նաև վանքերից շատերը քարուքանդ են անում, և բոլորովին ջնջում են նրանց հիշատակը...

Պետք է ի նկատի ունենալ, որ հիշյալ հափշտակությունների մեջ խառն են` ոչ միայն քրդերի հասարակ ժողովուրդը, այլ գլխավորապես նրանց բեգերը, հոգևոր շեյխերն ու մուֆթիները և թուրք աղաները, բացի դրանցից և զանազան պաշտոնակալներ, որոնք իրանց բռնակալության հետ միացրած ունեն և ապահովություն կառավարության կողմից։

Բարձր կառավարությունը փոխանակ հիշյալ հափշտակությունների առաջն առնելու, փոխանակ հայ ժողովրդի բողոքները լսելու, խիստ անտարբեր կերպով է նայում այս անիրավությունների վրա։ Կարծես թե, նա ավելի ուրախ էր, որ այդպես էր լինում։ Նա մտածում էր, թե հայը իմ հլու հպատակն է, նա եթե հող էլ չունենա, դարձյալ յուր գլուխը կպահե. բայց ապստամբ քրդին պետք է մի կերպով կապել երկրի հետ, որ նա չշարժվի...

Այս կարծիքն առանց ապացույցի չէ, քանի որ տեսնում ենք, որ հայերին պատկանող կալվածների մեծ մասն ինքն կառավարությունը հափշտակելով, տալիս է մահմեդականներին։[1]։ Եվ որպեսզի յուր անիրավությանը մի օրինական ձև տա, նա հնարում է թափուի խաբեական օրենքը։ Այս օրենքի հիման վրա ամեն հող, որ մնացել էր մի քանի տարի անմշակ, նա համարվում է մահլուլ, այսինքն` անտեր և կառավարությանը պատկանող։ Այսպիսի հողերն ինքն կառավարությունը գրավելով, շատ չնչին գնով արձանագրում է մահմեդականների վրա և նրանց անունով արքունի կալվածագիր է տալիս։ Այսպիսով հայերը կարող էին զրկվիլ իրանց կալվածների մեծ մասից, ահա՛ պատճառը։

Ընթերցողը գուցե հիշում է, որ հայերը հարկահանների և տասանորդի կապալառուների հարստահարություններից ստիպված, շատ անգամ իրանց հողերն անմշակ թողնելով, գաղթում են դեպի Կ. Պոլիս, կամ մի այլ քաղաք, համալություն և ուրիշ տաժանական աշխատությունով հաց վաստակելու։ Հողը մնում է անտեր,

  1. 1 Կառավարության հափշտակած հողերը բոլորովին տարբեր են այն գյուղորայքից, որոնք մասին հիշվեցավ: Եվ թափուի օրենքը այնքան խառնիճաղանջ մի բան է, որ ամբողջ հոդվածներ պետք են բացատրելու այս խորամանկ կալվածական օրենքի տրամադրությունները, որով հողը անունով միայն պատկանում է այս և այն մարդուն, բայց իսկապես նա տերության սեփականություն է։