Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեև գաղթականի կամ պանդուխտի ընտանիքը մնացել էր հայրենիքում նույն հողի մոտ. բայց նա կառավարության հայացքով անտեր է համարվում, քանի որ մշակող չունի։ Ի նկատի ունենալով Ասիական Տաճկաստանի այնքան բազմաթիվ հայ գաղթականները, որոնցից միայն 45 հազար հոգի Կ. Պոլսումն է գտնվում, շատ հասկանալի էր, թե որքան հայերին պատկանող հողեր մնացած կլինեն անտեր և անմշակ։ Այսպիսի հողերը տերությունը մահլուլ համարելով, տալիս է մահմեդականներին և թշվառ հայը պանդխտությունից վերադառնալով, գտնում է իրան զրկված այն միակ հայրական ժառանգությունից, որ նրա վերջին հույսն էր։

Տաճկաց կառավարությունը չէ խնայում մինչև անգամ վանքային և եկեղեցական կալվածներին. վանքը և եկեղեցին նրա օրենքով մի վերացական անձնավորություն է, նա չէ կարող կալվածատեր լինել։ Եվ հայ բարեպաշտների երկար դարերից հետե իրանց նվիրական տեղերին ընծայած հողերը, որոնցով ապահովված էր վանքերի գոյությունը, ընկնում են մահմեդականների ձեռքը։ Պետք է գիտենալ հայոց վանքերի այն բազմաթիվ քանակությունը Ասիական Տաճկաստանում, պետք է գիտենալ, թե որքան ընդարձակ տարածությամբ տեղեր պատկանում էին վանքերին, որպեսզի հասկանալի լինի ազգային հարստության այս մեծ կորուստը։

Հայը Հայաստանում հազարավոր թշվառություններ կրելով, և ամեն տեսակ հարստահարությունների համբերելով, մի բանով միայն մխիթարում էր իրան, թե նա յուր հայրերի քրտինքով սրբված հողի տերն է։ Բայց այս մխիթարությունից ևս զրկվեցավ նա։ Մի կողմից քրդերը բռնությամբ խլեցին նրա ձեռքի հողը, մյուս կողմից, ինքը կառավարությունը հափշտակելով, հանձնեց մահմեդականներին։ Էլ ի՞նչ մնաց։

— Հայի ապագան Տաճկաստանումն է, — ասում են կարճատեսները։ Մենք չենք հասկանում, թե ինչ ապագա կարող է լինել մի երկրում, ուր կյանքի և կայքի ապահովություն չկա։ «Հետո լավ կլինի...» — երևակայում են կարճատեսները…

Ով որ չէ խոստովանում մահմեդականության կլանող և ոչնչացնող բնավորությունը, նա ուրանում է պատմությունը, բայց ուրանալ պատմությունը, նշանակում է ուրանալ ճշմարտությունը։

Որևիցե ժողովրդի համար ոչինչ բախտավոր ապագա գուշակել չէ կարելի, քանի որ նրա ապրուստի պահանջները հաստատուն հիմքերի վրա կայացած չեն, քանի որ նա թե՛ նյութապես և թե՛ բարոյապես