Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաշվում է և կլանվում է մի ուրիշ և ավելի զորեղ տարրից: Ասիական Տաճկաստանի հայը ապահովված դրություն չունի և դրա մեծ ապացույցն այն է, որ նա յուր տան մեջ ապրուստ ճարել չէ կարողանում, և ինչ որ էլ վաստակում է, նրա ձեռքից խլում են, և նա միշտ մնում է աղքատ ու սոված, և միշտ ստիպված է պանդխտության մեջ հաց որոնել: Տաճկաստանի հայը երերյալ և տատանյալ վիճակի մեջ է ապրում: Այսպիսի տունկը արմատ ձգել կարող չէ և շուտով կչորանա...

Մենք ունենք Ասիական Տաճկաստանում ժողովրդի երկու դասեր` վաճառականներ և հողագործ մշակներ, վերջինը թե՛ յուր բազմությամբ և թե՛ յուր բարձր նշանակությամբ կազմում է այն, որ կոչում ենք ամբոխ: Վաճառականն յուր տանը հանգիստ չէ. նա միշտ թափառում է յուր շահերի ետևից. նա այնտեղ է, ուր նրա շահերն են գտնվում: Վաճառականը հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, ուր արծաթ կա: Վաճառականը հասարակաց շահերի համար չէ մտածում. նա եսական է: Մնում է մշակ դասը, որ հասարակության գլխավոր ուժն է կազմում. նա յուր հայրենի երկրում հանգստություն և ապրուստ չգտնելով, յուր կյանքը նույնպես պանդխտության մեջ է անցկացնում, և նրա ամուր ձեռքերը, որ հայրենի հողը պետք է մշակեին, մեծ քաղաքներում զբաղվում են ստոր և ծառայական պարապմունքներով: Եվ մշակը, արդար երկրագործը, ժողովրդի պարենը հայթայթողը դառնում է համալ, բեռնակիր, գրաստ...

Եվ այսպես Ասիական Տաճկաստանի ժողովրդաբնակության մեծ մասը գաղթականության մեջ է ապրում: Մի դաս միայն մինչև այսօր մնում էր անշարժ. դրանք էին վանքային աբեղաները: Բայց երբ վանքերն ենթարկվեցան նույն վիճակին, որպես ժողովուրդը, երբ նրանք էլ զրկվեցան կալվածներից` իրանց գլխավոր հարստությունից, այն ժամանակ վանքային միաբանությունները նույնպես ցրվիլ սկսան, և հայոց նվիրական տեղերը մնացին ամայի:

Հողային կամ կալվածական խնդիրը Ասիական Տաճկաստանի հայոց հարստահարությունների մեջ ամենագլխավոր խնդիրն է: Այս խնդրի նշանակությունն այնքան բարձրանում է, որքան մենք մտածում ենք, թե տաճկաբնակ հայերի մեջ գաղթականությունը դադարեցնելու և ժողովրդին հայրենի հողի վրա ապահով կյանք վարելու միակ միջոցը հանգիստ երկրագործությունն է: Բայց ցավում ենք, նկատելով, որ այս խնդիրը խիստ աննշան տեղ է բռնում պատրիարքարանը