Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր տասն և յոթնամյա սահմանադրական վարչությամբ շատ փոքր ուշադրություն է դարձրել դրա վրա, և համարյա զանցառության է տվել կալվածական խնդիրը, այն խնդիրը, որ հայի կյանքի և մահու խնդիրն է։ Այս խոսքերը զրպարտություն չեն, քանի որ մենք աչքի առջև ունենք պատրիարքարանի արձանագրությունները։

Ամբողջ «Տեղեկագիրքը», որպես հիշած ենք, պարունակում է յուր մեջ պատրիարքարանի 25 տարվա գործունեության շրջանը, այս 25 տարվա մեջ կալվածական հարստահարությունների մասին պատրիարքարանի կողմից, մենք տեսնում ենք, միմիայն մեկ հատ բողոքագիր, որ 1875 թվին հունվարի 3-ին մատուցված է Բարձ. Դռան, այն ևս բավականություն չէ գտել, և պատրիարքարանը լռել է այնուհետև[1]... Որով ընդհակառակն, տեսնում ենք, Կիրակոսի աղջիկը մահմեդականներն առևանգել են, կամ Մարտիրոսի ոչխարները գողացել են, և կամ այս ինչ եկեղեցու խաչը թուրքերը շան վզից քաշ տալով փողոցները ման են ածել, — այսպիսի սկանդալները տարիներով պատրիարքարանի և Բարձ. Դռան մեջ բանակցության նյութ են դարձել... Մենք չենք ասում, թե դրանց մասին պետք էր լռել, բայց և ոչ պետք էր այնքան կարևորություն տալ, որովհետև այսպիսի մասնավոր դեպքերը պատահական են, այսօր կարող են լինել, իսկ վաղը ոչ։ Բայք երբ մահմեդականները գավառների ամբողջ հայ գյուղորայքը իրանց են սեփականացնում, — դա է գլխավոր կենսական հարցը, որովհետև դրանով մի ամբողջ հասարակություն թե՛ նյութապես և թե՛ բարոյապես մահանում է, և սերնդից սերունդ զրկվում է հացից և հետևապես կյանքից… Բայց պատրիարքարանի ուշադրությունը չէ գրավում այս հարցը...

Այս նկատողություններից հետո, մենք հասնում ենք այն տխուր եզրակացության, թե Կ. Պոլսի պատրիարքարանը և այն, որ կոչվում է ազգային սահմանադրություն, ո՛րքան դատարկ բաներով են զբաղված եղել և ո՛րքան սակավ հասկացել են ազգի և

  1. 1 Պատրիարքարանի ձեռքով վերջին անգամ որպես Տաճկաստանի հայ ժողովրդյան կողմից մեծ եպարքոսին (սադրազամին) մատուցված խնդիրների կարգում դարձյալ ընդհանուր հողային խնդիրը մոռացված էր. այնտեղ հիշված էր միայն եկեղեցական և վանքային կալվածների հարստահարության մասին: Մենք զարմանում ենք, եթե Շահ-Հուսեյնի նման մի մասնավոր անձի պաշտոնանկությունը և նրա յուր հայրենիքից տարագրվիլը կարող է հասարակական հարց դառնալ, որքան առավել հողային խնդիրը պետք էր գրավեր ս. պատրիարքի ուշադրությունը: