Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև վերջինը ավելի թանկագին է նրա համար։ Այս սպառնալիքները լսելով, հայերը ոչնչով չեն պատրաստվում գալող վտանգի առաջն առնելու, այլ աշխատում են մի կերպով ազատել իրանց իրեղենները։ Այգեստանցի հայերը իրանց տներում գտնված թանկագին իրեղենները տանում են քաղաքը և հավաքում են իրանց խանութներում, մտածելով, թե այնտեղ ավելի ապահով կմնան, որովհետև բերդի մեջն է, այնտեղ զինվորներ կան, ոստիկանություն կա և այլն։ Եվ այսպես հայերի բոլոր հարստությունը կենտրոնանում է շուկայում։

Գիշերով հասասները նկատում են, որ զանազան կողպած խանութներից այստեղ և այնտեղ մուխ է դուրս գալիս, հասկանում են, որ կրակ կա։ Նրանք շտապում են խանութատերերին իմացում տալու, բայց ոստիկանությունն արգելում է։ Նույն միջոցին բերդի զորանոցի գլխից լսելի է լինում փողի ձայն. իսկույն զինվորներով շրջապատվում է շուկան։ Զինվորների մեկ մասը բռնում է փողոցների մուտքը և չէ թողնում հայերին, մինչև անգամ խանութատերերին մոտենալ հրդեհի տեղը, իսկ մյուս մասը սկսում է կոտրատել խանութների դռները, ոչ միայն նրանց, որոնցից կրակի նշույլներ էին երևում, այլև այն խանութների, որոնք շատ հեռու էին հրդեհից։ Վերջինների մեջ իրանք զինվորներր կրակ են ձգում և մի քանի ժամվա մեջ ամբողջ շուկան բոցավառվում է հրդեհի մեջ։

Բայց ի՞նչ են լինում ապրանքները։

Մեծ մասը զինվորներն ու ոստիկանությունը կողոպտում է։ Եվ դեռ հրդեհը բոլորովին չճարակված, շուկայում հայտնվում է մի խառնիճաղանջ բազմություն — թուրք, քուրդ և այլ գյուղացի մահմեդականներ. դրանք, որպես երևում է, առաջուց տեղեկություն ունեին պատահելու անցքի մասին, և շրջակա գյուղերից հավաքվելով ցերեկով թաքնված են եղել թուրքերի տներում, և զինվորներից ու ոստիկաններից մնացած ապրանքը դրանք են հափշտակում։ Մահմեդականների առջև բաց է լինում կողոպուտի ասպարեզը, մոտ չեն թողնում միայն հայերին։ Նամակագիրը ավելացնում է, թե քաղաքի հարուստ հայ վաճառականներից մեկը մինչև անգամ առաջարկում է 500 լիրա զինվորական գլխավորին, որ իրան թույլ տան յուր խանութից ազատել միայն հաշվի գրքերը և այլ թղթեր, դարձյալ մոտ չեն թողնում։ Այգեստանցի հայերը հրդեհի մասին ոչինչ չեն հասկանում, որովհետև հեռու էին, իսկ այն հայերը, որ բերդի մեջն են բնակվում, նրանց էլ մոտ չեն թողնում։