Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես, ապրանքներից ինչ որ թանկագին էր, բոլորը հափշտակվում է, բայց ինչ որ անպետք էր, կրկին ձգվում է կրակի մեջ։ Եվ որպեսզի հրդեհը հաջող կերպով ճարակվի, ավելացնում են նրա վրա հեշտ վառվող նյութեր, որպիսին են` վառոդ, նավթ և այլն։ Կողոպտված ապրանքները մասամբ թաքցնում են թուրքերի տներում և մասամբ կրում են դեպի մոտակա գյուղերը։ Այն գիշեր Ավանց գյուղի նավահանգստի մեջ կանգնած են լինում մի քանի նավակներ, հատկապես այն նպատակով։ Ընդամենը կողոպտվել են 2000 խանութներ, որոնցից 1300-ը կրակից բոլորովին զերծ են մնացած, միայն դռները խորտակել են, իսկ 700-ը այրվել է։ Այս խանութներն ըստ մեծի մասին պատկանում են հայերին, բայց նրանց թվում գտնված թուրքերի խանութները նամակագրի կարծիքով առաջուց դատարկված են եղել։

Նամակագրի կարծիքով այս անցքը պատահական չէ, այլ առաջուց խորհված և տնօրինված մի դավադրություն է, որի գաղտնիքը պահված է եղել զինվորական պաշտոնեության և տեղային կառավարության երևելի անձինքների մեջ։ Եվ գյուղացի կամ քաղաքացի մահմեդականները, դավադրության հոտը առնելով նշանակյալ գիշերը հավաքված են եղել, որ իրանք էլ մասն ունենան ընդհանուր կողոպուտից։ Եվ թուրք բեկի` հրդեհից մի քանի շաբաթ առաջ հայտնված նախազգուշությունն ուրիշ նպատակ չէ ունեցել, բայց միայն այն, որ հայերը երկյուղ կրելով, նաև իրանց տնային հարստությունը հավաքեն շուկայում։ Որովհետև հայ հասարակությունը, թեև մահմեդական ամբոխից կասկածներ ուներ, բայց նա կառավարությունը և նրա զինվորական ուժը միշտ յուր պաշտպան էր համարում։ Այս պատճառով շուկան նրա ապահով տեղն էր, դրված լինելով ոստիկանության և հասասների հսկողության ներքո, և շատ մոտ էր զինվորանոցին, յուր բերդի մեջը գտնվելով։

Թեև նամակագրի ենթադրությունը դեռևս չապացուցված մի կարծիք է, այսուամենայնիվ, մի քանի փաստեր հաստատում են այս կարծիքը, թե հրդեհը մի հնարած պատրվակ է, հափշտակության մեղադրանքը նրանով ծածկելու համար։ Հրդեհից մի քանի օր առաջ զինվորները գնելիս են եղել մոմպատներ և այլ վառվող նյութեր։ Եվ նույն գիշերվա երեկոյան պահուն, երբ պատահել է հրդեհը, զինվորներից շատերն այս և այն խանութին մոտենալով, ձևացրել են, թե բան են գնում (ճիշտ այն ժամանակ, երբ խանութպաններն իրանց կրպակները կողպելիս են եղել) և աննկատելի կերպով խանութներում այրվող բաներ են ձգել։