Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերում է մի արդեն հայտնված ապացույց յուր խոսքերին. իբր թե մի վաճառական, երբ խանութը կողպելու վրա էր, մոտենում են նրան երկու զինվորներ, նրանցից մեկը խնդրած ապրանքն յուր ձեռքն առածի պես փախցնում է, խանութպանը նրա ետևից վազելով, կամենում է բռնել և ապրանքը ետ առնել, նույն միջոցին մյուս զինվորն, որ մնացել էր խանութի մոտ, մի փաթաթած բան ձգում է նրա մեջ և հեռանում է։ Վաճառականը վերադառնալով յուր խանութը, գտնում է այնտեղ մի կտավի կտորի մեջ փաթաթված շիկացրած ածուխի կտորներ, որ արդեն սկսել էր վառել յուր փաթեթը և ընկած էր բամբակյա գործվածքների մեջ։

Մյուս ավելի կասկածանք հարուցանող փաստն այն է, որ հափշտակության գլխավոր գործիչները, որ եղել են զինվորները, հրդեհի առավոտը փոխում են և հեռացնում են քաղաքից, նրանց տեղը բերելով նորերին։ Այս փոփոխությունն այլ նպատակ չունի, եթե ոչ ավազակների հետքը կորցնել և Տաճկաստանի այժմյան զինվորական խռովության մեջ թաքցնել չարագործները։

Նամակագրի կարծիքով, այս անցքն առանց նպատակի չէ եղել, իբր թե տաճկաց կառավարությունն յուր այժմյան տագնապի մեջ կասկած է ունեցել Վանա հայերից, չիցե թե ռուսների հետ պատերազմ ծագելու միջոցին նրանք թշնամուն ձեռնտվություն անեն, և այս պատճառով մտածել է առաջուց նյութապես տկարացնել նրանց։ Մեր կարծիքով այս ենթադրությունը անտեղի է, որովհետև տաճկաց կառավարությունը շատ լավ է ճանաչում հայերին, նա գիտե, թե որքան ընտելացած են հայերն յուր բռնակալությանը, նա գիտե, թե որպիսի սիրտ են կրում հայերը... Մենք նայում ենք այս անցքի վրա, որպես մի խորամանկությամբ հնարված հափշտակության վրա, ավելի ոչինչ։

Ընդհանուր վնասի մասին նամակագիրը դժվարանում է հաշիվ տալ, բայց կարծում է, թե շատ մեծ պետք է լինի, քանի որ Վանա վաճառականությունը հայերի ձեռքումն է, և Վանը իր շրջակա գավառների առևտրական կենտրոնն է։

Վանա հրդեհի անցքի մեջ նկատվում է միևնույն երևույթը, ինչ որ տեսանք գավառների բոլոր հարստահարությանց մեջ, ուր սպանություններն ամենափոքր թվանշաններն էին կազմում։ Այստեղ ևս ոչ մի սպանություն չէ պատահում, երևում է, որ հայերն իրանց ճակատագրական թուլասրտությամբ կանգնած, նայելիս են եղել, թե որպես կողոպտում են իրանց... Բայց Վանա մեջ հայերն ավելի բազմաթիվ են քան մահմեդականները... Բայց հայը կյանքի