Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվի մեջ ունի յուր առանձին զենքերն յուր կորուստը դարձնելու համար։ Վանեցի հայերը հեռագրում են իրանց Կ. Պոլսում եղած ընկերներին. «մեզ այստեղ կողոպտեցին, դուք էլ այնտեղ ումից որ ապրանք եք առած, փողը մի տվեք...»։

Վանա հրդեհի մասին դրանից ավելի դատել առայժմ անտեղի է, քանի որ գործը բոլորովին պարզված չէ։ Կ. Պոլսի լրագրների մեջ արդեն ծանուցված էր, թե Բարձ. Դռնից առանձին մասնաժողով նշանակված է այս անցքը քննելու համար։ Կսպասենք, մինչև մասնաժողովն յուր գործը վերջացնե, թեև հավատացած ենք, որ ճշմարտությունը ոչ բոլորովին պիտի երևան ելնի։


ԽԱՎԱՐԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ


Մարդկության պատմագրությունը մեզ ուսուցանում է, որ ամեն մի հասարակական գործիչ, — երբ նա փոքր ի շատե բարձրանում է նույն հասարակության ստորացած, մինչև գետին հավասարված մակերևույթից, երբ նա աշխատում է վերականգնել նորան և դուրս քաշել անբարոյականության ցեխից, — նա դառնում է ամբոխի հալածանքին առարկա և զոհ նորա խավար նախապաշարմունքներին։ Թողնենք եվրոպական ազգերի կյանքում պատահած բազմաթիվ օրինակները, դառնանք մեր ազգի պատմական անցյալին։ Մեծն Տրդատ, որ մտցրուց Հայաստանում քրիստոնեության լույսը, ստացավ ամբոխից այդ սրբագործության փոխարեն թունալի բաժակ. նորա մեծ գործակիցը, Սուրբն Գրիգոր, հալածված ժողովրդից, թողած նորան, հեռացավ և յուր ծերության վերջին մխիթարությունը գտավ առանձնակեցության մեջ Մանյա այրերում, ուր և վախճանվեցավ անհայտությամբ։ Արիստակեսը սպանվեցավ, Մեծն Ներսես մահացու թույն ընդունեց և այլն։ Ինչո՞ւ ենք քրքրում պատմության խորքերը, գանք ավելի նոր ժամանակներին։ Կարապետ վարդապետ Շահնազարյանցը մեռավ Փարիզում, Ալամդարյանցը յուր կյանքի մեծ մասը անցրուց աքսորանքներում մեր եկեղեցականների աններողամտությունից։ Ստեփաննոս Շահնազարյանցի և նորա արժանահիշատակ աշխատակցի պատմությունն ամենեցուն հայտնի է, շատ տարիներ չեն անցել, որ մտածում էին «Հյուսիսափայլի» տետրակները հավաքել այրելու համար։