Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հյուսիսափայլի» անկումից հետո տիրեց, եթե կարելի է այսպես կոչել, գրականական մեռելությունը։ Երևեցան մի քանի լրագիր, ամսագիր, բայց նոցա չքանալն այնպես շուտափույթ եղավ, որ յուրյանց հետքն անգամ չթողեցին։ Շնչասպառ «Մեղուն» դեռ յուր դանդաղ ընթացքը շարունակում էր, վերջապես նա էլ ընկավ։

Հայտնվեցավ Գերմանիայից մի ուսանող, նա արհամարհեց փառքը, աստիճանը և աշխարհային բոլոր բարօրությունքը, որոնց հասնելու հարմարություններն ուներ, կամեցավ ծառայել հասարակությանը և յուր ազգին։ Նա հիմնեց մի խմբագրություն։ Երևեցավ «Մշակը»։ Առաջին անգամ մի հայոց թերթ ազդեց ժողովրդի վերա, շարժում ձգեց, վիճաբանություններ հարույց, գրգռեց ժողովրդի հարցասիրությունը, մի խոսքով` էլեկտրական ցնցում տվեց նորա թմրած անշարժությանը։ Այդքանը բավական էր բորբոքել խավարասերների նախանձը։

Ազգի լուսավորությունը և նրա տնտեսական բարօրությունը հաստատուն պահպանել «Մշակի» սուրբ նպատակն է, որին նվիրել է յուր գործունեությունը։ Այս նպատակին հասնելու համար, այո՛, «Մշակը» չի քարոզել փտած ազգասիրություն, այլ ընդհակառակն, անխնա հարձակվել է, մտրակել է ամեն հասարակական, տգեղ երևույթները։ Նա մերկացրել է ժողովրդի կյանքի ամեն մի այլանդակությունները և դառն ատելությամբ պարսավել, պախարակել է նորանց։ Նույնիսկ ատելության մեջ կայացած է եղել նորա սերը դեպի ազգը և դեպի ժողովուրդը։ Ճշմարիտ է, եզվիտական կեղծ ժպիտը երեսին «Մշակը» չէ շողոքորթել ամբոխի հաճույքներին, այդ անում են նոքա, որք ցանկանում են ավելի ևս ծանրացնել ազգի թմրությունը և նորա անշարժությունից ու տգիտությունից օգուտ քաղել։ «Մշակի» ուղղությունը, այո՛ բացասական է, նա խորին ատելությամբ աշխատում է և պիտի աշխատե հեռացնել ամեն մի վնասակար տարր ազգային մարմնից։ Այդ յուրաքանչյուր բարեխիղճ վիրաբույժի պաշտոնն է, որ կտրում է մարմնի փտած և ապականված մասը, նորա կենդանությունը պահպանելու համար։

Նա միշտ պաշտպանել է ազգի լեզուն և նորա գրականությունը։ Նա միշտ աշխատել է ցույց տալ ուղին, որով նա կարող էր հասնել ճշմարիտ գիտության և լուսավորության։ Նորա նյութական և տնտեսական վիճակը բարվոքելու համար ցույց է տվել և պիտի ցույց տա բոլոր միջոցները։ Մեզ մեղադրում են, թե մենք հերքեցինք բոլոր ազգային ուժերը։ Որո՞նք են մեր ուժերը։ Մենք արիստոկրատիա