Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՏԱՐԿ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԵՆՔ ԽԱԲՎՈՒՄ

Մինչև երեխան լաց չէ լինում
Մայրը ծիծ չէ տալիս:
ԱՌԱԾ

Զարմանալի բան է հույսը։

Նա մարդերի մեջ հայտնվում է երկու կերպարանքով, մեկ, որ մարդը գործում է, աշխատում է և ամենևին չէ թուլացնում իր եռանդը, և հույս ունի, որ կհասնի իր նպատակին: Մյուս, որ մարդը ոչինչ չէ շինում, ծույլ է, հանգիստ իր տեղը նստած է, և հույս ունի, թե մի օր կստանա այն, ինչ որ ցանկանում է։

Մեր խոսքը վերջին տեսակի վրա է։

Կան աղքատներ, որ միշտ երևակայում են, թե մի օր գանձ կգտնեն և կհարստանան։ Դուք քննեցե՛ք մի ստրուկ և ծույլ ժողովրդի առակները, առածները, լեգենդաները ու հեքիաթները, և կտեսնեք, որ նրանց մեծ մասը թաքուցած գանձերի վրա է: Աղքատի երևակայությունը մի ուրիշ բան չէ կարող ստեղծել. Այնպես էլ քաղցած հավը երազումր կուտ է տեսնում և սկսում է իր ոտները կտցահարել...

Այս տեսակ հույսերը խանգարված երևակայության և ուղեղի հիվանդության ցնորքներ են։ Այս տեսակ հույսերը գժերի երազներ են:

Այս տեսակ հույսերով ապրում են ոչ միայն մասնավոր անհատներ, այլ ամբողջ ժողովուրդներ և ամբողջ ազգեր: Մինչև այսօր հրեից ազգը սպասում է, թե կհայտնվի մի մարդ, որ կնորոգե սուրբ տաճարը, որ կբարձրացնե Երուսաղեմը իր ավերակների փոշիներից և կվերադարձնե Իսրայելի կորած փառքը: Այն ժամանակ աշխարհի հզոր թագավորները, մի հասարակ հրեայի փեշից բռնած ողորմություն կխնդրեն...:

Երուսաղեմը ընկավ, Իսրայելը փոշու նման ցրվեցավ բոլոր աշխարհի վերա, բայց Աբրահամի որդիքը տակավին այդ հուսով են ապրում....

Հույսը այնքան սաստիկ ներգործություն ունի մարդկային երևակայության վրա, որ բոլոր ազգերի կրոնքները նրան իրանց գլխավոր հիմունքներից մեկն են դրած։ Նա է ոգևորում նահատակներին համբերությամբ տանել բռնակալ ձեռքից սարսափելի տան ջանքերը: Նա է հանգստացնում վշտակիր ֆաքիրի անտանելի ճգնությունները,